Սփյուռքի երիտասարդները հետաքրքրված են Երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ
Հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հյուրընկալել էր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի առթիվ հայրենիք ժամանած սփյուռքի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին: Հյուրերը ժամանել էին Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից: Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելությանը, նպատակներին, գործունեությանը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը մանրամասն ներկայացրեց հիմնադրամի ծրագրերն ու ամենօրյա աշխատանքը: Երիտասարդներին բազմաոլորտ հարցեր էին հուզում. նրանց հետաքրքրում էին արցախյան հիմնախնդրի այսօրվա գործընթացները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող ծրագրերը, Հայաստանի, հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ազգային գաղափարների ու ավանդույթների պահպանումը:
Ընդ որում, սփյուռքահայ երիտասարդները նկատեցին, որ ազգային ավանդույթները սփյուռքի հայկական համայնքներում բավականին նախանձախնդրորեն են պահպանվում։ Հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեց բոլոր հարցերին և լսեց հյուրերի առաջարկները:
Հանդիպման ընթացքում համագործակցության մի քանի տարբերակներ ծնվեցին, որոնք էլ սփյուռքի մեր հայրենակիցները մոտ ապագայում խոստացան ներկայացնել հիմնադրամին:
Ձեռք բերվեց համագործակցության և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն: Մասնավորապես, խոսք եղավ երիտասարդական առաջնորդության դպրոցներ անցկացնելու մասին, որոնց շրջանակներում կներգրավվեն ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի երիտասարդներ: Վերջիններս այսուհետև կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր երիտասարդական հավաքներին ու ճամբարներին։
Հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակմամբ։