211652_close_icon
views-count1135 դիտում article-date 17:46 09-10-2014

Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին

Հոկտեմբերի 9-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի և հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես` ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության կատարելագործման սցենարը: Քննարկվել են վերլուծական աշխատանքների կատարման մեթոդներ, որոնց օգնությամբ դուրս են հանվում տնտեսության առավել ռիսկային և հանցավոր ուղղությունները, ըստ որոնց` կազմակերպվում է օպերատիվ մարմինների պայքարը` երկրի տնտեսական անվտանգության ապահովման նպատակով: Կարևորվել է նաև ԱԱՀ-ի վճարումից խուսափելու գործոնը բացահայտելու համար մասնակից երկրների ուժերի համախմբումը: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ներկայացրել է հարկային իրավախախտումների դեմ պայքարում Հայաստանի փորձը և լսել մյուս երկրների գործընկերներին: «Կարծում եմ` ԱՊՀ երկրների մեր գործընկերների հետ փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրների բարձրաձայնման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ եղանակներ գտնել ու կիրառել մեր աշխատանքում` երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նկատել է ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը: Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննության դեպարտամենտի տնօրեն Իգոր Մարշալովի գնահատմամբ ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների համագործակցության մակարդակը բավական բարձր է. «Ներկայում շատ է տարածված արտերկրում ձեռնարկատիրության գրանցումը` ոչ ռեզիդենտի անունով: Նման հանցագործություններն առանց համագործակցության չափազանց դժվար է բացահայտել: Համատեղ աշխատանքի շնորհիվ ենք նաև վեր հանում մեր երկրների տարածքում կեղծ ձեռնարկատիրության դեպքերը»: Ի. Մարշալովը ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահության իրավունքը փոխանցել է Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանին: Նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել:

Նմանատիպ նյութեր