211652_close_icon
views-count1740 դիտում article-date 09:47 09-10-2014

Հայաստանում իշխանափոխություն ցանկանում է քաղաքացիների մեծամասնությունը. 168 ժամ

«Մարզային հանդիպումների ընթացքում եռյակի ուժերի ներկայացուցիչներն անընդհատ հարցեր էին հղում հանրահավաքի մասնակիցներին՝ ցանկանո՞ւմ եք իշխանափոխություն, ցանկանո՞ւմ եք, որ իշխանությունն օր առաջ հեռանա»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում. «Բոլոր այս և նմանատիպ հարցերին հարթակում կանգնածները, բնականաբար, ստանում էին դրական պատասխաններ: Սակայն, որքան որոշակի են հասարակության կողմից տրված պատասխանները եռյակի հնչեցրած հարցերին, նույնքան անորոշ են եռյակի գործունեության հետ կապված հարցերի պատասխանները: Արդյոք ոչ իշխանական ուժերը մինչև վերջ պայքարելո՞ւ են իշխանափոխության համար, արդյոք այդ նպատակով անզիջում պայքա՞ր են մղելու, թե՞ ինչ-որ պահի իշխանության հետ «բարիշելով»՝ մարդկանց ուղարկելու են տուն, ո՞վ է, ի վերջո, այդ պայքարի հաջողության ընթացքում գալու իշխանության՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը: Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բավական բազմամարդ է լինելու: Բայց մարդիկ Ազատության հրապարակ են գալու՝ լսելու, առաջին հերթին, նշված հարցերի պատասխանները և ոչ թե՝ հերթական անգամ «այո» պատասխանելու հարթակից հնչող անանուն հարցերին՝ «ուզո՞ւմ եք արդյոք իշխանափոխություն»: Հայաստանում իշխանափոխություն ցանկանում է քաղաքացիների մեծամասնությունը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր