211652_close_icon
views-count1468 դիտում article-date 19:49 30-09-2014

Արտակարգ իրավիճակների նախարարություն է այցելել հանրահայտ գիտնական Գարո Մարդիրոսյանը

Սեպտեմբերի 30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ԳԱԱ-ի Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, 31 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ Գարո Մարդիրոսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը, ԱԻ նախարարի օգնական Սոֆյա Հարությունյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը, գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը: Գարո Մարդիրոսյանը նշեց, որ ցանկանում է իր գիտելիքները, իր հայտնագործությունները և ունեցած կապերը ներդնել հայրենի երկրի շենացմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, հիդրոօդերևութաբանության և սեյսմիկ ոլորտներում, սողանքների դեմ պայքարում, ինչպես նաև քննարկել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերազիննման, սեյսմիկ սարքերի արդիականացման, տիեզերական հետազոտությունների տվյալների օգտագործման վերաբերյալ խնդիրները: Քննարկման ընթացքում շոշափվել է նաև համաեվրոպական գիտահետազոտական և գիտակիրառական միացյալ նախագծի պատրաստումը, մասնավորապես ընգծվել է երկրի կեղևի շարժը գրանցող սարքավորումների` դեֆորմոգրաֆների կատարելագործման, տեղումների, ջրհեղեղների և սողանքների կանխատեսման սարքերի տեղադրման, ինչպես նաև, սեյսմոգրաֆների աշխատանքի արդիականացման և թվայնացման հարցը, ինչը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել սեյսմոգրաֆների աշխատանքը: Հայաստան այցելության շրջանակներում պրոֆեսոր Մարդիրոսյանը այցելելու է Գյումրի, նախատեսվում է նաև այցելություն Ստեփանակերտ: Երևանում պրոֆեսոր Մարդիրոսյանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցների համար կանցկացնի սեմինար, որի ընթացքում ներկայացվելու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում Բուլղարիայի փորձը: Հանդիպման վերջում Գարո Մարդիրոսյանը, նախարարի ուղեկցությամբ, շրջեց նախարարության շենքում, ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր