211652_close_icon
views-count1717 դիտում article-date 23:29 29-09-2014

Հայկական խաչքարերի օրհնություն Սինգապուրում

Սեպտեմբերի 28-ին մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր: Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարեց եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը: Արարողություններին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ: Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվեց ընդունելություն: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Տիրոջ հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին: Ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը: Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացավ համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ:

Նմանատիպ նյութեր