Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Թբիլիսիի ուղղությամբ իր չվերթները կսկսի հոկտեմբերի 27-ից
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Թբիլիսիի ուղղությամբ չվերթներ է սկսելու իրականացնել այս տարվա հոկտեմբերի 27-ից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական բյուրոն:
Ներկա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ինչ հաճախականությամբ են իրականացվելու Մոսկվայից Թբիլիսի չվերթները: Հայտնի չէ նաև, թե երբ դեպի Վրաստանի մայրաքաղաք իրենց կանոնավոր չվերթները կսկսեն ռուսական մյուս ավիաընկերությունները:
Ռուսաստանի ու Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Այս տարվա սեպտեմբերի 15-ին «Ռոսավիացիան» թույլատրեց վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը երկու երկրների միջև: