211652_close_icon
views-count1140 դիտում article-date 16:05 25-09-2014

Վերապատրաստվում են ՀՀ բոլոր մարզերի հրդեհային տեսչության աշխատակիցները

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրավիրել էր խորհրդակցություն, որը վարում էր տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը: Խորհրդակցությանը տեսակապի միջոցով մասնակցում էին նաև ՀՀ բոլոր մարզերի հրդեհային տեսչության աշխատակիցները: Աշոտ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց հրդեհային տեսչության գործունեության մեջ շարունակական բարեփոխումների գործընթացը, որը կնպաստի տեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը. - ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից կա խիստ հանձնարարական տեսչության աշխատանքները կազմակերպել այնպես, որ տեսանելի լինի հրդեհների թվի նվազման միտումը հանրապետության ամբողջ տարածքում և միևնույն ժամանակ բացառվեն տեսչության վերահսկողական գործառույթների հետ կապված կոռուպցիոն հնարավոր ռիսկերը: Հրդեհային տեսչության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով կազմվել են ոլորտին վերաբերվող մեթոդական գրքույկներ, որոնց միջոցով կիրականացվի աշխատակիցների վերապատրաստում: Հրդեհային տեսչության այն մասնագետներին, որոնք դեպքի վայրում իրականացնում են հետաքննչական աշխատանքներ, կտրամադրվեն դրա համար անհրաժեշտ հատուկ տեխնիկական միջոցներ: ԱԻ նախարարի հանձնարարությամբ` հետաքննվող բոլոր դեպքերը պետք է տեսանկարահանվեն և արխիվացվեն: «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը հրդեհային տեսչության աշխատակիցներին ներկայացրեց հրդեհային տեսչության տեխնիկական վերազինման` մասնավորապես տեսագրման և արխիվացման գործընթացի մանրամասները: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ Ռուբեն Խաչունցը խորհրդակցությանը ներկա և առցանց մասնակցող աշխատակիցների համար անցկացրեց դասընթաց: Ռ. Խաչունցը քննարկման ժամանակ անդրադարձավ նաև տեսչության առօրյա գործունեությանը վերաբերող խնդիրներին, կանխարգելիչ ստուգումներին, դեպքի վայրում իրականացվող գործողություններին, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ արդյունավետ համագործակցության տարբերակներին: Հրդեհային տեսչությունում նմանատիպ դասընթացներն այսուհետ ևս կկրեն շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր