211652_close_icon
views-count1983 դիտում article-date 00:13 25-09-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ն խուսափեց պարտությունից. տեսանյութ

Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Շտուտգարտ»-ի հետ: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ արդյունքով, սակայն երկրորդ խաղակեսը սկզբնամասում Դանիել Դիդավին առաջ մղեց հյուրերին: Բաց թողած գոլից հետո «Բորուսիա»-ն գրոհում էր, սակայն այդ գրոհները իրենց մեջ լուրջ վտանգ չէին պարունակում: 68-րդ րոպեին տանտերերի պաշտպանների անփույթ խաղի արդյունքում «Շտուտգարտ»-ը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Կրկին անգամ աչքի ընկավ Դանիել Դիդավին: Երկրորդ բաց թողած գոլից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: Յուրգեն Կլոպին մի շարք փոխարինումների միջոցով հաջողվեց «սրել» խաղը առջևի գծում: Փոխարինման դուրս եկած Ադրիան Ռամոսը և երիտասարդ կիսապաշտպան Ժոզեֆ-Կլոդ Գյաուն ակտիվացրեցին դորտմունդցիների խաղը առջևի գծում: Արդյունքում «Բորուսիա»-ն մրցակցին սեղմեց սեփական դարպասին և քիչ անց կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Լուկաշ Պիշչեկի փոխանցումից հետո աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և խփած գոլից անմիջապես հետո փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտում հայտնվեց վնասվածքից ապաքինված Մաթս Հյումելսը: 86-րդ րոպեին «Բորուսիա»-ն կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Չիրո Իմմոբիլեն օգտվելով Սվեն Ուլրայխի սխալից, գրավեց մրցակցի դարպասը: Մնացած ժամանակահատվածում Կլոպի թիմը կարող էր հաղթանակ կորզել, եթե չլիներ «Շտուտգարտ»-ի պաշտպան Անտոնիո Ռուդիգերի անձնուրաց խաղը: Պիշչեկի հարվածից հետո գնդակը ընթանում էր մրցակցի անպաշտպան դարպասը, սակայն վերջինս փակեց գնդակի ճանապարհը: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց թողեց վնասվածքի պատճառով: «Բորուսիա»-ն 5 տուրից հետո վաստակած 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը, իսկ «Շտուտգարտ» 2 միավորով` 17-րդ տեղը: «Բորուսիա» - «Շտուտգարտ»`2:2 Գոլեր` Օբամեյանգ 73', Իմմբոիլե 86' – Դիդավի 48', 68'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր