ԱՄՆ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է F-22 Raptor կործանիչներ
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է F-22 Raptor կործանիչներ: Այս մասին հայտնել են Պենտագոնում առկա աղբյուրները:
Այդ տիպի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքքահ քաղաքին ու նրա արվարձանին: Այդ քաղաքը համարվում է «Իսլամական պետություն» զինյալների հիմնական ամրակետը: Սրանից առաջ Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ահաբեկիչներին դիրքերին հարվածելու համար կիրառվել են Tomahawk թևավոր հրթիռներ:
Դեռ հայտնի չէ, թե Սիրիայում ինչպիսի առաջադրանքներ են կատարել F-22 կործանիչները: Այսօր առավոտյան Սիրիայում ավիահարվածներ են հասցվել «Իսլամական պետության» դիրքերին, որոնց ԱՄՆ-ից բացի, մասնակցել են նաև Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն: