211652_close_icon
views-count1285 դիտում article-date 10:03 17-09-2014

Աննախադեպ համերգով մեկնարկեցին ՀՊԵՆ-ի նոր համերգաշրջանն ու Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 16-ին հայաստանյան իրականության մեջ աննախադեպ համերգով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանն ու Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Առաջին անգամ Հայաստանում նույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին ներկայացվեցին Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա): Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ նման ձևաչափով համերգ եղել է միայն Լոնդոնում։ Սերգեյ Սմբատյանը նշում է, որ իր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ միշտ պետք է փորձել որևէ նոր բան անել. «Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ շատ ընդունված են փորձարկումները, և պետք է կարողանանք մարդկանց ճիշտ մատուցել նորարարությունները»։ Սերգեյ Սմբատյանը կարևորեց նաև աշխարհում հայկական մշակույթի տարածման ու պրոպագանդման խնդիրը, և Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն ու նրա շրջանակներում հանդես եկող հանրահայտ երաժիշտները նպաստում են հայկական մշակույթի հանրահռչակմանը։ Արամ Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր Երևանի պետական համալսարանի 95-ամյակին և անցկացվում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը կարևորեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացումը։ Իսկ փառատոնի բացման համերգը տիկին դեսպանն անվանեց նորարարական և դասական երաժշտության խառնուրդ։ Ըստ Քեթրին Լիչի՝ Հայաստանի մշակութային կյանքը զարմանալիորեն հարուստ է։ Տիկին դեսպանը նշեց, որ Հայաստանում ինքը հաճախ է լինում դասական երաժշտության համերգների. իր երկու դուստրերը սովորում են լարային գործիքներ նվագել, և նրանց հաճախ համերգների է տանում, որպեսզի տեսնեն՝ շատ աշխատելու դեպքում ինչպիսի հաջողությունների կարող են հասնել։ Դիջեյ Սուիչը տպավորված էր Հայաստանով և հայ հանդիսատեսով։ Նա նշեց, որ նվագախմբերի հետ աշխատելու փորձառություն ունի։ Հայաստանյան նվագախմբի հետ առաջին անգամ է համագործակցում, և ըստ նրա՝ այդ համագործակցությունը ստացվել է։ Նա հույս հայտնեց, որ հետագայում նույնպես հնարավորություն կունենա նվագելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ այսուհետև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի համերգները դասական երաժշտության սիրահարները կարող դեն դիտել ուղիղ հեռարձակմամբ առցանց տիրույթում՝ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում՝ www.syoa.tv: Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հայաստանյան հանդիսատեսին սպասվում են հետաքրքիր անակնկալներ։ Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է հանրահայտ երաժիշտների՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլք: Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր