Արսեն Ջուլֆալակյանը` աշխարհի չեմպիոն
Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգի մրցումները, որի արդյունքներով Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Վճռորոշ մենամարտում Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Նևեն Զուգաժին:
Հավելենք, որ վերջին անգամ հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից նման հաջողության էր հասել Վաղինակ Գալստյանը, ով 2001 թվականին ուժեղագույնն էր ճանաչվել 65 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում հայ մարզիկը 9:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, 1/8-րդ եզրափակիչում Ջուլֆալակյանը 12:1 հաշվով հաղթել էր ավստրիացի Ֆլորիան Մարչալին, 1/4 եզրափակիչում 11-2 հաշվով ձեռնունայն էր թողել Մեքսիկայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակիչ փուլում 1:0 հաշվով պարտության էր մատնել Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Դաթունաշվիլիին: