Լևոն Ջուլֆալակյանը պարզաբանել է, թե ինչու Արսեն Ջուլֆալակյանը հայտավորված չէ Եվրոպայի առաջնությանը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը այսօր Հայաստանի Ըմբշամարտի Ֆեդերացիայի պաշտոնական կայքին պարզաբանել է մարտի 8-13 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայտավորած կազմի ընտրությունը:
«Այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցենք ամբողջական կազմով, սակայն նախորդ տարիների համեմատ որոշ փոփոխություններ կլինեն:
Մասնավորապես՝ առաջին անգամ աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի Միհրան Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշեն նաև երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Իսկ Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Բացի նշվածներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85կգ), աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):