211652_close_icon
views-count1067 դիտում article-date 22:04 08-09-2014

Պարգևատրում ՀՀ առողջապահության նախարարության ոսկե հուշամեդալով

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Վ.ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գիտխորհրդի նիստում տնօրեն Հայրապետ Գալստյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով: «Հարգարժան պրոֆեսոր, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Անգնահատելի է Ձեր նվիրումը և վաստակը Հայաստանում ուռուցքաբանության զարգացման գործում։ Ղեկավարի և բժշկի մասնագիտական Ձեր աշխատանքը Դուք հաջողությամբ զուգորդում եք գիտական ու մանկավարժական բեղուն գործունեության հետ։ Դուք արդարացիորեն վայելում եք Ձեր գործընկերների, երիտասարդ մասնագետների ու սաների մեծ հարգանքը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անմար եռանդ` Ձեր պատասխանատու և կարևոր աշխատանքում»,-ընթերցելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ում գնահատմամբ` Հայրապետ Գալստյանն մշտապես աչքի է ընկել իր բարձր պրոֆեսիոնալիզմով, աշխատասիրությամբ, ինչպես նաև մարդկային հատկանիշներով: «Ինձ համար բարդ ու դժվար, միաժամանակ պատվաբեր է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց գործի գիտակն են և հրաշալի պատկերացում ունեն, թե՛ ոլորտի ներկայի, թե ՛ ապագայի մասին»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը: Նախարարությունում իր աշխատանքային 14 տարիների ընթացքում նա բազմիցս առիթներ է ունեցել շփվելու Հայրապետ Գալստյանի հետ, հիանալ նրա ղեկավարման ձիրքով, տարբեր խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ գտնելու բացառիկ կարողությամբ, որն այնքան անհրաժեշտ է առողջապահության ոլորտի կազմակերպիչներին և բժշկական կազմակերպություննների ղեկավարներին: Հայրապետ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը հանձինս նախարար Արմեն Մուրադյանի և փոխնախարար Վահան Պողոսյանի պարգևի և կենտրոնին ցուցաբերված շարունակական աջակցության համար: «Եթե այսօր ձեր տնօրենը արժանացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ոսկե մեդալի, ապա ես վերագրում եմ պարգևը, ոչ թե միայն ինձ, այլ դա նաև ձեր երկար տարիների քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունքն է»,- խոսքը բժշկական անձնակազմին ուղղելով ընդգծեց կենտրոնի տնօրենը` հույս հայտնելով, որ իր ղեկավարած բուժանձնակազմը նույն եռանդով կշարունակի աշխատել նաև հետագա տարիներին: «Փառք ու պատիվ բոլոր այն մասնագետներին, ովքեր բարձր մակարդակով, համբերատար են իրականացնում իրենց աշխատանքը»,- հավելեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը : Հրավիրված գիտխորհրդի նիստում տնօրենի գիտական գծով փոխտնօրեն Ալեքսանդր Ալեքսանյանը կենտրոնի առաջին կիսամյակի աշխատանքները ներկայացրեց ամփոփիչ զեկույցով: «Ընթացիկ տարում պաշտպանվել են, քննարկվել և հաստատվել են մեր աշխատակիցների թեկնածուական ատենախոսությունների երեք անոտացիաներ: Պաշտպանության են ներկայացվել և հաջողությամբ պաշտպանվել են երկու թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություն»,- հայտնեց Ալեքսանդր Ալեքսանյանը: Սեպտեմբերի 16-18-ը Կազանում կայանալիք ուռուցքաբանների և ռադիոլոգների ԱՊՀ համագումարում կենտրոնը ներկայացրել է 42 թեզ-զեկույց, որոնք պատրաստ են տպագրության: Դրանցից երկուսը որպես զեկույց կընթերցվեն նաև համագումարի ընթացքում: Բացի այդ, կենտրոնի աշխատակիցների կողմից ընթացիկ տարում 9 հոդված է հրատարակվել հանրապետության և միջազգային տարբեր ամսագրերում: Նրանք հաջողությամբ մասնակցել են նաև արտերկիր մի շարք գիտական համաժողովների և համագումարների : Վ.ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական ծառայություններից օգտվում է տարեկան մոտ 4500 մարդ : Բժշկական խոշոր այս կազմակերպությունում կատարվում է շուրջ 3500 վիրահատություն: Կենտրոնը կրթական բազա է հանրապետության մասնագետների վերապատրաստման և ԵՊԲՀ-ի ուսանողների գործնական պարապմունքների համար:

Նմանատիպ նյութեր