Հայաստանն աշխարհին պետք է ցույց տա, որ չի ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է, որ մինչև երեկ հայտնի չէր՝ ինչ մակարդակով է Հայաստանը ներկայացվելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ հասկանալի է՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լարվածության ֆոնին Ռուսաստանը, մեղմ ասած, չէր կարող դրական վերաբերվել նախագահական մակարդակով Հայաստանի մասնակցությանը գրեթե թշնամական հայտարարված կառույցի գագաթաժողովին։
«Հաշվի առնելով նշված և մի շարք այլ հանգամանքներ՝ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նույնիսկ անակնկալ կարելի է համարել։
Իսկ այսօր մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարող են կայացվել կարևոր, չափազանց կարևոր որոշումներ, որոնք չեն կարող չառնչվել տարածաշրջանում ռուսական ռազմակայաններ ունեցող Հայաստանին»,- գրում է թերթը և հավելում.
«Աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրադրությունում Հայաստանն աշխարհին պետք է փորձի առնվազն ցույց տալ, որ լինելով Ռուսաստանի կցորդը՝ միևնույն ժամանակ չի ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ, եթե անգամ այսպիսին դառնան վերջիններիս հետ Ռուսաստանի հարաբերությունները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: