«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ այս լուրերը համառորեն պտտվում են: Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» և կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց: Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վարդան Հարությունյանը, հնարավոր է, առաջիկայում տեղափոխվի Մոսկվա և նշանակվի այլ պաշտոնում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով ասել է. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
«Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնական կայքէջում ընկերությունը դեռևս անվանափոխված չէ և կոչվում է «ՀայՌուսգազարդ»»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։