211652_close_icon
views-count1319 դիտում article-date 09:39 03-09-2014

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է իրանահայ բարերար, մտավորական Ավո Հովհաննիսյանին

եպտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանահայ բարերար, մտավորական, հավաքորդ Ավո Հովհաննիսյանին: 1953 թվականից Ավո Հովհաննիսյանը զբաղվում է հայկական մշակութային արժեքների հավաքման ու հայրենիք տեղափոխման գործով: Նա Մատենադարանին է նվիրել 400 միավոր հնատիպ ու Սփյուռքում տպագրված գիրք, հանձնել է 2000 միավոր արխիվային նյութ, որոնք Նոր Ջուղայի վարչական գրագրություններն էին, ինչպես նաև 65 միավոր ձեռագիր մատյան: Ավո Հովհանիսյանն իր 5000 միավոր ազգագրական նյութերի հավաքածուն նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, իր սեփական գրադարանից 3000 անուն գիրք է բաժանել Հայաստանի մշակութային կազմակերպություններին, հովանավորել Կողբ գյուղի գրադարանի վերանորոգումը: ՀՀ սփյուռքի նախարարը, բարձր գնահատելով բարերարի՝ մեր հայրենակիցների ձեռքերով օտար ափերում ստեղծված մշակութային արժեքները Հայրենիք տեղափոխելու ջանքերը, նշեց, որ Ավո Հովհաննիսյանը մեծ գործ է կատարում՝ փրկելով օտար ափերում ստեղծված հայկական մշակութային արժեքները ազգային պատկանելության կորստից և օտարացումից: «Ազգային կյանքի մասին հիշեցնող յուրաքանչյուր նմուշի նկատմամբ Ձեր հոգատար վերաբերմունքը բխում է ազգանվեր հայ լինելու Ձեր դիրքորոշումից», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ավո Հովհաննիսյանը նախարար Հ.Հակոբյանին հանձնեց իր վերջին՝ «Դարձ արմատներին» վերնագրով աշխատությունը՝ նշելով. «Այս գրքում ներկայացված է 40 տարիների իմ աշխատանքի արդյունքը՝ հավաքած և դժվարությամբ հայրենիք տեղափոխած Նոր Ջուղայի հայերին վերաբերող իմ հավաքածուի նկարագիրը»: Հեղինակը ՀՀ սփյուռքի նախարարին փոխանցեց նաև իրանահայ բանաստեղծուհի Ծաղկանուշ Ծատուրյանի ստեղծագործությունների վերջին 3 ժողովածուները՝ նշելով, որ լուսահոգի գրողը երկար ժամանակ ցանկացել է իր գրքերը փոխանցել ՀՀ սփյուռքի նախարարությանը, սակայն չի կարողացել:

Նմանատիպ նյութեր