1266 դիտում
21:11 11-08-2014
Հանձնարարվել է նախապատրաստվել ուսումնական նոր տարվան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ուսումնական նոր տարվան ընդառաջ, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատուներին հանձնարարել է, 2014-2015 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ դիմավորելու նպատակով, տանել նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես, հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել հանրակրթական դպրոցների բուժկետերը, նաև քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու համար: Բացի այդ, հանձնարարվել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:
«Երևանյան ամառ» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված՝ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ օգոստոսի 1-ից մինչ օրս համաբուժարաններ է դիմել 854 քաղաքացի, որոնցից 423-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և ապահովել պատշաճ սպասարկում:
Զեկուցվել է, որ շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, հաշվառված 194 տարածքներից 19-ի մասով, որոնք չեն կատարել պարտավորությունները, նախորդ շաբաթ կազմվել են վարչական արձանագրություններ: Այս առումով՝ հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով ավելի կոշտ քայլեր ձեռնարկել՝ տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:
«Թե´ զանգվածային լրատվության միջոցներով, և թե´ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների կողմից արդեն մի քանի տարի է պարբերաբար տեղեկացրել, նախազգուշացրել և հորդորել ենք սեփականատերերին ու վարձակալներին, որ մաքրեն և բարեկարգեն իրենց տնօրինման տակ գտնվող, ինչպես նաև դրանց հարակից տարածքները: Այլևս ժամանակն է, որ յուրաքանչյուրը կատարի իր կողմից մայրաքաղաքի նկատմամբ ստանձնած պարտավորությունը, և այս մասով մեր դիրքորոշումն այսուհետ պետք է լինի շատ ավելի խիստ և կոշտ: Պարտավորությունները չկատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ: Որևէ մեկը բարոյական իրավունք չունի վարձակալած կամ, առավել ևս, սեփական տարածքն անբարեկարգ ու անխնամ վիճակում թողնել: Դիմեք օրենքով սահմանված առավել խիստ միջոցների, ընդհուպ վարձակալության պայմանագրերի խզում, իսկ անբարեխիղճ սեփականատերերի դեպքում էլ դատական կարգով փորձեք լուծել հարցը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձին հատվածներ հատկացնելու գործընթացի մասով զեկուցվել է, որ նշված բոլոր տարածքները առանձնացվել, նշագծվել և կահավորվել են: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է մեքենաներին փակցվելիք տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու որոշմամբ սահմանված կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան:
Շինբարեկարգաման վարչության պետը զեկուցել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, ընթացքում են տարեկան ծրագրով նախատեսված մշակութային օջախների նորոգման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շինարարության ընթացքն ու հետևել ինչպես որակի ապահովմանը, այնպես էլ ժամկետների պահպանմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև հանձնարարել է գույքագրել և նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր կազմել մայրաքաղաքի բոլոր այն կրթամշակութային և մարզական հաստատությունների մասին, որոնք հիմնանորոգման կարիք ունեն՝ դրանք 2015 թվականի ծրագրերում ներառելու նպատակով:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել 2015 թվականին Երևանում կանաչ տարածքների ընդլայնման, այդ թվում՝ նոր այգի-պուրակներ ստեղծելու և անտառային գոտիները վերականգնելու նպատակով:
Կոմունալ տնտեսության վարչության պետը, անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատնքների ընթացքին, զեկուցել է, որ 741 շենքերում արդեն իսկ վերանորոգվել է ավելի քան 69 հազար քմ հարթ և թեք տանիք: Քաղաքապետը հանձնարարել է սանմաքրման աշխատանքներ նախաձեռնել բազմաբնակարան շենքերի վերելակների բոլոր այն հորանների մաքրելու համար, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անուշադրության:
«Մեր բնակիչներն արդարացիորեն դժգոհում են, նշելով, որ շատ դեպքերում նաև վերելակների հորաններում տարիներով կուտակված աղբն է շենքերի մուտքերում առկա տհաճ հոտի պատճառը: Եվ սա իսկապես խնդիր է, որը, համոզված եմ, հնարավոր է կարճ ժամանակում լուծել, ուստի, արագ քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
16-րդ թաղամասի գազիֆիկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բացառությամբ 3 շենքերի, որտեղ վերջնական շտկումներ են կատարվում, հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:
Խորհրդակցության ավարտին շարունակվել է քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների ներկայացումը: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքները:
Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն էլ ներկայացրել է վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների կիսամյակային հաշվետվությունները: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
3046 դիտում
23:04 26-08-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ. ֆոտոշարք
848 դիտում
15:50 31-08-2015
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
1139 դիտում
20:26 31-08-2015
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Այս բաժնից
718 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2068 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
718 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար