211652_close_icon

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ. ֆոտոշարք

views-count3202 դիտում article-date 23:04 26-08-2015
Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն շուրջտարյա դարձած «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, իրականացրեց հերթական բարեգործությունը` նոր ուսումնական տարվան ընդառաջ: Ծրագրի այս փուլն իրականացրեցին միության պատանեկան թևի անդամները` գրենական պիտույքներ հավաքելով գրենական տարբեր խանութների և այս օրերին շուկաներում առկա գրենական տաղավարների գնորդներից: Դպրոցականների համար հավաքվեց նաև հագուստ` կոշիկ, սպիտակ վերնաշապիկներ, կոստյումներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ և այլն: Հավաքված պաշարը բավարարեց օգնության ձեռք մեկնելու Վանաձոր քաղաքի 21 ընտանիքի 26 դպրոցական երեխաների և 5 ընտանիքի Կուրթան համայնքից: Ընտանիքները հիմնականում ընտրված էին Վանաձոր քաղաքի տնակային ավաններից և հանրակացարաններից: Պատանիները նշում են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, ովքեր լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ բաժանել են հավաքված օգնությունը: Միության անդամների խոսքով ծրագրի այս փուլում գումարային նվիրատվությունները շատ քիչ էին և բավարարեցին միայն որոշ գրենական իրերի քանակն ավելացնելու համար: Սակայն ծրագիրը շուրջտարյա է և ընթացքում որքան գտնվեն բարերարներ ու աջակիցներ, այնքան էլ կմեծանան օգնություն ստացող ընտանիքների քանակը, քանզի դիմողները շատ են: Հիշեցնենք, որ վանաձորյան այս ծրագիրը արդեն դարձել է համամարզային և իրականացվում է նաև թեմի այն բոլոր ծուխերում, որտեղ կան հոգևորականներ ու նրանց առաջնորդությամբ գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Ծրագրով երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 230, իսկ ողջ թեմի տարածքում 350 ընտանիքի: Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց Թեմի Երիտասարդական Կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր