211652_close_icon
views-count2404 դիտում article-date 20:17 01-08-2014

Արմեն Մուրադյանն ամփոփեց պաշտոնավարման եռամսյակը

ՀՀ առողջապահության նախարարությունում աշխատանքային գործունեության երեք ամիսներն ամփոփեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ շարունակվում են համակարգում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները` ինչպես նաև առաջնորդվելով առաջնորդվելով ՀՀ նոր կառավարության ծրագրով, ինչպես նաև հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականներով, իրականացվում են նոր ծրագրեր։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ և կառավարության ծրագրին համահունչ վերջին երկու ամսում նախարարությունում ակտիվ քննարկումներ են կազմակերպվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Դեղերի ոլորտին ուղղված բարեփոխումներն ամբողջությամբ կարգավորելու են դեղերի շրջանառությունը` ստեղծումից մինչև իրացում. բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերի տեղական արտադրության խթանումը և մրցունակության բարձրացումը, գրանցման գործընթացի թափանցիկության ապահովումը և այլն: Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես դեղերի գների պետական կարգավորմանը, զուգահեռ ներկրմանը, գրանցման ընթացակարգերին ու կլինիկական հետազոտություններին վերաբերող դրույթները։ Օրերս ՊԱԳ պահանջներին համապատասխանելու հավաստագիր է ստացել «Արփիմեդ» ընկերությունը (առաջինը ստացել էր «Լիկվորը»)։ Մինչ տարեվերջ ևս մեկ դեղարտադրող իր գործունեությունը կհամապատասխանեցնի ՊԱԳ պահանջներին: Կառավարության ծրագրով նախատեսվել է ընդլայնել սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունները։ Ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններ տրամադրվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, անվճար բուժօգնության իրավունք ունեցող սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող զինծառայողներին, և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների աշխատողներին: «ՀՀ նախագահը սրտի անհետաձգելի ինվազիվ սրտաբանական վիրահատության ծառայությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հասանելի և մատչելի դարձնելու խնդիր է դրել»,- ասաց նախարարը` հայտնելով, որ առողջապահության նախարարության ներկայացրած ծրագրով 2015թ. հունվարից այս ցանկում կընդգրկվեն սոցիալապես անապահովության 30,0 և ավելի միավոր ունեցող անձինք: ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը` նախատեսելով 2015-2016-2017թթ.-ին տարեկան 500 մլն դրամ: Նախարարը նշեց, որ հուլիսի 1-ից էականորեն բարձրացել է արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների բուժանձնակազմի աշխատավարձերը: Բժիշկների աշխատավարձը բարձրացել է 2.75, իսկ բուժքույրերինը` 1.15 գործակցով։ Բժշկի միջին աշխատավարձը կազմել է 166,5 հազ դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը` 75,0 հազ.դրամ: Բացի այդ տեղմասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները և ընտանեկան բժիշկները և նրանց բույժքույրերը ունեն ամսեկան մինչև 15,0 հազար դրամի չափով լրացուցիչ խրախուսական վարձատրման հնարավորություն՝ կապված նրանց կողմից կատարված աշխատանքի որակից և ծավալից: Բուժանձնակազմի համար նախատեսվում են նաև օրենքով սահմանված հավելումներ աշխատանքի վտանգավոր պայմանների, լեռնային և բարձր լեռնային գոտում աշխատանքի համար, որի արդյունքում բժիշկների աշխատավարձը կտատանվի 166,5-216,4 հազար դրամի շրջանակում: Չկան առոջության առաջնային պահպանման հիմնարկներ, որտեղ աշխատավարձի բարձրացում չլինի` 18-ից մինչև 100 տոկոս (միջինը` 70)։ Շեղումները պայմանավորված են երկու գործոնով` հավաքագրված բնակչության նվազումով և անձնակազմի գերհագեցվածությամբ։ Սա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ և ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել և հիվանդությունները վաղ հայտնաբերել։ Առաջնային օղակում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունն ապահովելու նպատակով կանոնակարգվում են կառուցվածքային և մասնագիտական պահանջները։ Լրամշակվել է առողջության առաջնային պահպանման, բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչը` նախատեսելով նոր գործառույթներ և լաբորատոր-գործիքային հետազոտություններ: 2014 թվականի առաջին կիսամյակում ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում նվազել են մոր և մանկան մահացությունների ցուցանիշները: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանումը կարևորագույն խնդիր է, ուստի, առողջապահական նախարարությունը հետամուտ է, որպեսզի թե՛ ծննդօգնության, թե՛ մինչև 7 տարեկան երեխաների որակյալ բժշկական օգնությունը կատարվեն պետպատվերի շրջանակում, և նվազագույնի հասցվեն կոռուպցիոն ռիսկերը։ Նրա խոսքերով` այս երկու ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը բարենպաստ դիրքերում է գտնվում: Ա.Մուրադյանը նշեց նաև, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-հունիսին շուրջ 612-ով ավելացել է ծնունդների թիվը: Կարևորելով մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները` նախարարը հայտնեց, որ նախատեսում են իրականացնել մի շարք ծրագրեր: Մասնավորապես, հունիսից մեկնարկել է սկրինինգային ծրագիր, որը թույլ է տալիս ներարգանդային շրջանում հայտնաբերել այն հնարավոր արատները, որոնք հետագայում կարող են լրջագույն խնդիր դառնալ նորածին երեխայի համար: «Բացի այդ, պետպատվերի շրջանակում Հայաստանում իրականացվում է նորածնային 5 սկրինինգային ծրագիր` հիպոտիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, կոնքազդրային հոդի, լսողության և տեսողության, որոնց նպատակը բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերումն է»,- ասաց նախարարը: Անդրադառնալով վերջին ամիսներին հանրապետությունում գրանցված մայրական և մանկական մահացություններին` Արմեն Մուրադյանն ասաց, որ բոլոր դեպքերի շուրջ մասնագիտական վերլուծություններ են կատարվել, որոնք ներկայացվել են իրավապահ մարմիններին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ բժշկական սխալի դեպքում տվյալ բժիշկը չի պատժվում, նախարարն ասաց, որ բժշկական սխալը իրավական գնահատական է: «Չեմ կարծում, որ լրագրողներն ու առողջապահության նախարարությունը պետք է իրավական գնահատականներ տան: Դատարանը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Եվ մինչև չհրապարակվի դատավճիռը, ճիշտ չէ ԶԼՄ-ների կողմից բժիշկների հասցեին մեղադրանքներ հնչեցնելն ու պախարակելը: Եթե այս կամ այն բժշիկը մեղավոր է, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ»,- ասաց նախարարը: Հանրային առողջության ոլորտում կարգավորվում է օրենսդրական դաշտը։ Մշակվում է «Հանրային առողջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենսդրական կարգավորման առարկա են դարձել նաև շրջակա միջավայրի հիգիենայի, սննդամթերքի և խմելու ջրի անվտանգության, աշխատանքի հիգիենայի և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցերը: Ընթացիկ տարվա սեպտեմբերից Հայաստանում կմեկնարկի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը: «Էլեկտրոնային առողջապահության պիլոտային ծրագրում երեք բուժկենտրոն է ներգրավված լինելու` Գորիսի, Վանաձորի բուժկենտրոնները և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկան: Փորձարարական ծրագրի ընթացքում կտեսնենք այն խնդիրները, որոնց համար լուծումներ գտնելով` հաջորդ տարի կկարողանանք ունենալ բարելավված էլեկտրոնային առողջապահության ցանց»,-նշեց Արմեն Մուրադյանը: Նախարարի խոսքով, միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրմամբ կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, հասանելիությունը և արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր