211652_close_icon
views-count11486 դիտում article-date 01:10 30-07-2014

Հրաշք, որը գեղեցկացնում է ֆուտբոլը

Վաղուց է հայտնի` ֆուտբոլը աշխարհի ամենատարածված և ամենասիրված մարզաձևն է: Շատերը` այդ թվում ես, կարծում եմ, որ ֆուտբոլը կյանք է: Ինչպես կյանքը, այնպես էլ ֆուտբոլը անկանխատեսելի է, սակայն ժամանակին համընթաց մոլորակի թիվ մեկ մարզաձևը մխրճվում է «կեղտոտ» փողերի մեջ և տարեցտարի կորցնում է իր հմայքը, անկախատեսելիությունը: Դա պայմանավորված է նաև գերհարուստ ակումբների վարած տրանսֆերային անբարեխիղճ քաղաքականությամբ: Ակնհայտ է նաև, որ ֆուտբոլիստները դարձել են ոչ միայն ֆուտբոլային սուբյեկտներ, այլև նաև ինչ-որ եկամուտների աղբյուրներ: Դրա շնորհիվ հարուստ ակումբները ավելի են հարստանում, իսկ աղքատ ակումբները ավելի են աղքատանում: Կարելի է նկատել, որ վերջին տարիներին ամենաբարձր տիտղոսների համար պայքարում են միայն ֆինանսապես ամենահարուստ ակումբները, իսկ ահա «Այաքս»-ի կարգավիճակում գտնվող թիմերը նույնիսկ չեն կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը: Իրավիճակը շտկելու և ֆուտբոլային ակումբների միջև հավասարության սկզբունք դնելու համար ՈՒԵՖԱ-ն իբրև փորձում է միջոցներ ձեռնարկել և ֆինանսական «Արդար խաղի» կանոններ մտցնել: Սակայն ինչպես երևում է ՈՒԵՖԱ-ն ընդամենը փորձում է, քանի որ «քարը տեղից դեռ չի շարժվում»: Ներկայիս Ֆուտբոլի բացասական կողմերի մասին կարելի է երկար խոսել, սակայն պետք չէ անտեսել և չնկատել նաև դրական կողմերը: Միաժամանակ լինում են այնպիսի դեպքեր, երբ չափանիշներով համեստ ակումբները իրենց գլխից բարձր են ցատկում և ստիպում են ֆուտբոլասերներին լավատեսորեն նայել մարզաձևի ապագային: Վերջին շրջանում նման վառ օրինակ դարձավ գերմանական պրոֆեսիոնալ լիգաներում հանդես եկող ամենաաղքատ ակումբներից մեկը` «Պադերբոռն»-ը: [img]http://www.dfb.de/fileadmin/Image_Archive/News/paderborn_gettyn_01_58015_p880722.jpg[/img] «Պադերբոռն»-ը տեղակայվում է համանուն քաղաքում, որը գտնվում է Դորտմունդ քաղաքից 100 կմ հեռավորության վրա: Այդ քաղաքի բնակչությունը կազմում է 145 հազար մարդ, իսկ ահա «Պադրբոռն» ակումբի բյուջեն չի գերազանցում 6 մլն եվրոն: Այդ ցուցանիշով Պադերբոռն քաղաքը ներկայացնող թիմը ամենաաղքատներից մեկն է համարվում նաև 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումների շարքում: Սակայն գլխավոր մարզիչ Անդրե Բրայտենրայտերի գլխավորությամբ «Պադերբոռն»-ը իսկական հրաշք գործեց և նախորդ մրցաշրջանի արդյունքներով Բունդեսլիգայում հանդես գալու իրավունք նվաճեց, ընդ որում իր պատմության մեջ առաջին անգամ: Սակայն ամենազարմանալին այն է, թե ինչպես «Պադերբոռն»-ը կարողացավ կերպարանափոխվել մրցաշրջանի ընթացքում: Առաջնության առաջին շրջանում թիմը զբաղված էր 2-րդ Բունդեսլիգայում իր տեղը պահպանելու խնդիրներով: Առաջնության սկզբնմասում «Պադերբոռն»-ը մեկ մյուսի հետևից պարտվում էր իր մրցակիցներին: Առաջին 9 տուրից հետո Բրայտենրայտերի սաները կարողացան վաստակել ընդամենը 9 միավոր: Ձախողված առաջին շրջանից հետո ոչ մեկը չէր կարող նույնիսկ երազել, որ «Պադերբոռն»-ը ունակ է աղյուսակի միջնամասում տեղ զբաղեցնել, բայց… [img]http://www.dw.de/image/0,,17628454_303,00.jpg[/img] Ձմեռային արձակուրդներից հետո «Պադրեբոռն»-ը սկսեց իր երկարատև հաղթարշավը: Տուրից տուր «Պադերբոռն»-ը շարունակում էր իր վերելքը մրցաշարային աղյուսակով: Բրայտենրայտերի սաները բարձրունքի ճանապարհին ստիպեցին «զենքերը» վայր դնել նաև Բունդեսլիգայի ուղեգրերի համար պայքար մղող «Կայզերսլաուտեռն»-ին և «Գրոյտեր Ֆյուրտ»-ին: Արդյունքում պադերբոռնցիները առաջնության երկրորդ հատվածում անցկացրած 17 խաղում տոնեցին 12 հաղթանակ և մրցաշրջանը ավարտեցին երկրորդ տեղում` ինչը նրանց համար ճանապարհ հարթեց դեպի գերմանական ֆուտբոլի էլիտա: Եթե հաշվի առնենք, որ նոր մրցաշրջանում ակումբի բյուջեն չի գերազանցելու 15 մլն եվրոն, ապա ակնհայտ է դառնում, որ Բունդեսլիայում իր տեղը պահպանելու համար «Պադերբոռն»-ին անհրաժեշտ է ևս մեկ հրաշք գործել: Հուսանք, որ նման հրաշքները չեն շրջանցի նաև հայկական ֆուտբոլին: Հրաշքներ, որոնք գեղեցկացնում են ոչ միայն մեր սիրելի մարզաձևը, այլև մեր կյանքը: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր