211652_close_icon
views-count20228 դիտում article-date 16:13 27-07-2017

Սթրիթ արթի միջոցով գեղեցկացնում են համայնքները և բարեկարգում էկոտուրիստական կենտրոնները

Արենի, Կուրթան, Աղձք, Հաղարծին, Խնձորեսկ, Ուրցաձոր համայնքների զբոսաշրջային վայրերում այսուհետև զբոսաշրջիկներին կդիմավորեն պատկերազարդ նկարները։ Դրանք արվել են համայնքների երիտասարդների ջանքերով «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագրի համակարգող Ռուզաննա Մանյան նշում է, որ իրենց նախաձեռնության նպատակն է սթրիթ արթի կիրառման միջոցով գեղեցկացնել համայնքները՝ այդպիսով խթանելով զբոսաշրջության զարգացմանը գյուղական բնակավայրերում։ Ծրագրի շրջանակներում նախ հանդիպումներ են կազմակերպվել տեղի երիտասարդների հետ։ Փորձագետ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանը խոսել է սթրիթ արթի մասին՝ այն ներկայացնելով նաև որպես այլընտրանքային գործիք տուրիստական, մասնավորապես, էկոտուրիստական կենտրոնների բարեկարգման, գեղագիտական տեսքի ապահովման համար։ Տեսական գիտելիքներից հետո երիտասարդներն անցել են գործնական աշխատանքի և նկարազարդել ընտրված պատերը, որոնք էկոտուրիստական կետի ճանապարհին են կամ մուտքի մոտ։ Տարբեր համայնքներում տարբեր պատկերներ են ստացել։ Աղձքում պատկերվել է սեր սփռող կին, Ուրցաձորում ներկայացված է նոր, գունավոր աշխարհը բացահայտող երիտասարդ, Հաղարծնի մուտքին նկարված է աղջկա գեղեցիկ թռիչքը և այլն։ Ծրագրի ամփոփիչ փուլում պատրաստվում են բացիկներ (postcard)՝ համայնքների անուններով և կատարված նկարազարդումներով։ Բացիկները՝ յուրահատուկ այդ այցեքարտերը, կտրամադրվեն մասնակից համայնքների պետական և ոչ պետական կառույցներին։ Բացիկների տարածումը կնպաստի գյուղական համայնքներում էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներ գրավելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր