Եվս մեկ հրաժեշտի խարույկ վառվեց «Արի տուն» ճամբարում. ֆոտոշարք
Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի: Փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, պաշտոնատար այլ անձիք:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին` փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մասնավորապես ասաց. «Արդեն քանիերորդ անգամ մասնակցում եմ «Արի տուն» ծրագրի ճամբարային օրերի այս միջոցառմանը և ամեն անգամ հուզմունքս մեծ է լինում, հուսով եմ, որ հայրենիքում անցկացրած օրերը երբեք չեք մոռանա, ինչպես որ ես չեմ մոռանա ձեր հետ անցկացրած հրաշալի օրս, գլխավորնն այն է, որ յուրաքանչյուրդ ձեր երկրներում Հայաստանով ապրեք և մտքում վառ պահեք հայրենիք վերադառնալու ցանկությունը»:
Արիտունցիները հյուրերին ներկայացրեցին ճամբարային օրերի ընթացքում պատրաստած համերգային ծրագիրը: Նրանք կատարեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, ինչպես նաև ազգային պարերով հանդես եկան:
Սփյուռքի երիտասարդներին իրենց կատարումներով ողջունեցին «Հայկազունք» համույթը` Գուսան Հայկազունի ղեկավարությամբ և Խարկովի «Արմենիա» պարային անսամբլը:
Արիտունցիներին ողջունեց նաև Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը.- «Արդեն երկրորդ անգամ է «Արի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությանն եմ մասնակցում, տպավորություններս շատ մեծ են, սա մի առիթ է հանդիպելու, շփվելու և մտքեր փոխանակելու սփյուռքի պատանիների և աղջիկների հետ, այն ամենը, ինչ տեսաք, զգացիք և սովորեցիք Հայաստանում, համոզված եմ՝ միշտ կպահպանեք ձեր սրտերում»:
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը արիտունցիներին խորհուրդ տվեց սիրեն Հայրենիքը, Մայրենի լեզուն և Մայր Եկեղեցին, քանի որ միայն այս սյուներով կանգուն կմնա հայ օջախն ու հայի տեսակը:
«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի ավարտն ազդարարող հրաժեշտի ավանդական խարույկն առավել ջերմացրեց մթնոլորտը:
Վերջում խարույկի շուրջ դարձյալ թնդաց հայոց ավանդական քոչարին: