1019 դիտում
18:42 02-07-2014
Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը
Ս.թ. հուլիսի 1-ին Երևանում մեկնարկեց «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը:
Կազմակերպիչներն են՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:
Ֆորումին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդից: Ֆորումում զեկուցումներով հանդես եկան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից:
Ֆորումի աշխատանքներում ներգրավված են մասնակիցներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից:
Ֆորումին հրավիրված են ՀԱՊԿ անդամ-պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները և ռազմական կցորդները, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարները:
Ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը ընթերցեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նախագահի ուղերձում վստահություն է հայտնվել, որ միջազգային հարաբերություններում առկա լարվածության պայմաններում Երևանում անցկացվող ամենամյա միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումները կարող են դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ գիտափորձագիտական երկխոսության հարթակ՝ նվիրված միջազգային անվտագության հիմնախնդիրներին:
Մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեց նաև ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ֆորումի ընթացքում ելույթներով Հայաստանը ներկայացրին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԶՈՒ-ի Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Նրանք անդրադարձան ՀՀ ԶՈՒ-ի խաղաղապահ ներուժի զարգացման խնդրին, ՀՀ-ի անվտանգության ապահովման համատեքստում խաղաղապահության դերին, Խաղաղապահ բրիգադի՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցության փորձին:
Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը իր ելույթում հանգամանորեն վերլուծեց խաղաղապահ գործընթացում պետական հաստատությունների կայացման և զարգացման դերը՝ այդ համատեքստում կարևորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունում իրականացվող պետութենաշինական գործընթացը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևոր գործոն:
Ֆորումի օտարերկրյա մասնակիցները իրենց ելույթներում անդրադարձան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Աֆրիկյան միության խաղաղապահ գործողությունների փորձին: ՀԱՊԿ անդամ-պետությունների մասնակիցները անդրադարձան կազմակերպության խաղաղապահ ներուժի ձևավորման և զարգացման հիմնախնդիրներին:
Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի և Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժման, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի ներկայացուցիչները անդրադարձան խաղաղապահ գործողությունների տեսական հիմնախնդիրներին:
Ֆորումի վերջում ընդունվեց Հայտարարություն, որում շեշտվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող խաղաղապահ գործողությունների դերը, ինչպես նաև պետական հաստատությունների կայացման կարևորությունը հակամարտությունների կարգավորման գործում: Հայտարարությունում շեշտվում է միջազգային իրավունքի նորմերի՝ առաջին հերթին ուժի և դրա կիրառումից հրաժարման հիման վրա, հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը: Ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ը, պատասխանատվություն ստանձնելով եվրասիական անվտանգության համար, կարող է դառնալ խաղաղապահ գործողությունների համակարգի գործուն մասնակիցներից մեկը:
Նմանատիպ նյութեր
2889 դիտում
23:35 11-05-2019
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը նախաձեռնում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց
819 դիտում
12:31 19-06-2015
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է միջազգային տնտեսական 19-րդ ֆորումը
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»