211652_close_icon
views-count2892 դիտում article-date 23:35 11-05-2019

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը նախաձեռնում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց

Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին, հարգելով Արցախի ժողովրդի՝ սեփական իշխանությունները ձևավորելու անօտարելի իրավունքը, հաստատելով հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին, սկզբունքներին և Հելսինկյան եզրափակիչ ակտին, կարևորելով միջազգային իրավունքի և, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի փոխկապակցվածությունն ու անքակտելիությունը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ նրա ճանաչված չլինելու հանգամանքը էապես սահմանափակում են Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների լիարժեք իրացումը, համոզված լինելով, որ՝ – Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է, – Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը համազգային առաջնահերթություն է, – հակամարտության չկարգավորված վիճակը ոչ մի կերպ չի կարող կաշկանդել այդ տարածքներում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները, նկատի ունենալով՝ – 1994 թ. մայիսի 12-ից հրադադար հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրով և հրադադարի անժամկետ ռեժիմը ամրագրող հետագա եռակողմ համաձայնագրերով ձեռք բերված պարտավորություններն ամրապնդելու անհրաժեշտությունը, – 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման առաջնահերթությունը, – Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը և անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, – 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի վերահսկման վերաբերյալ «Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև» օրակարգի և այդ շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների խափանումը, Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված նորմերից փաստացի հրաժարումը, ինչպես նաև պատերազմը վերսկսելու նրա շարունակական սպառնալիքները, – բանակցային գործընթացի լիարժեքության և արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը, – բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման և անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը, – Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և մեկուսացման քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը, – մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության և բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաև մինչև հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը. «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, ի պաշտպանություն այս դաշինքի պատշաճ իրավական ամրագրման, – նախաձեռնում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց, – ձևավորում է այդ աշխատանքները կազմակերպող մարմին և – կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների բացը լրացնելու և համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ [b]«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ՖՈՐՈՒՄԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ [/b]

Նմանատիպ նյութեր