Կենտրոնի բակերից մեկում անցկացվեց երևանյան ամառային բակային ճամբարային միջոցառումներից մեկը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի մեկից մեկնարկած բակային ճամբարների ծրագրի միջոցառումներից հերթականը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բակում:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:
Ամառը մայրաքաղաքում անցկացնող փոքրիկ երևանցիների ուրախ առօրյան ապահովել են սիրված մուլտֆիլմերի հերոսները, ում հետ երեխաները նաև երգել, պարել ու զվարճալի խաղեր են խաղացել: Անակնկալներով լի երեկոյի ընթացքում փոքրիկներին ողջունել են մանկապատանեկան համույթներ ու անհատ կատարողներ:
Միջոցառմանը երեխաների հետ մասնակցող ծնողները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին`նման նախաձեռնության և փոքրիկների ուրախ ժամանցն ապահովելու համար: Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների 126 բակային ճամբարներում կանցկացվեն թվով 132 բակային միջոցառումներ: