211652_close_icon
views-count1472 դիտում article-date 23:24 27-12-2014

2015 թ. առաջին միջոցառումներից մեկը կլինի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացումը. Արմեն Երիցյան

Օրերս Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ մարդասիրական կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում։ 2013 թ. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը և կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ-ին ամրացված 17.5 հա մակերեսով տարածքը։ Երեկ Ռուսաստանի կառավարությունն իր հերթին հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի կնքմանը, որը վերաբերում է տարածաշրջանային մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծմանը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարված է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել և համաձայնագիր ստորագրել կառավարության անունից: Մինչ այդ, 2012 թ. հոկտեմբերին Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է ՌԴ իր գործընկեր Վլադիրմիր Պուչկովին։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծմանն ուղղված միջոցառումների պլան-ժամանակացույցը։ Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Սա կլինի տարածաշրջանում եզակի կենտրոն, որը հագեցած է լինելու նորագույն տեխնիկայով, ինչպես նաև աշխատանքային և կենսաապահովման բոլոր պայմաններով: ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարության կողմից կենտրոնի տարածքում կառուցվել է վարչական շենք, հիմնովին վերանորոգվել են առկա շենք-շինությունները և պահեստները, բարեկարգվել է տարածքը։ Մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Նմանատիպ նյութեր