211652_close_icon
views-count1157 դիտում article-date 09:59 02-07-2014

ՀԱՊԿ-ի հարցով պետք չէ «բզբզալ». Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ մեկնարկած անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում պատասախանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաև սահմանային հաճախակիացած միջադեպերի կապակցությամբ ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը` նշելով, թե Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: «Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չպետք է կարողանա արձագանքել, ապա այդ բանակը ինչի՞ է հարկավոր»: Նախարարը դարձյալ հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի միջամտության համար գոյություն ունեն ընթացակարգեր, որոնց համաձայն՝ այս կամ այն երկրի նախագահն է դիմում ՀԱՊԿ ղեկավարությանը` ռազմական ագրեսիայի անխուսափելիության դեպքում: Եվ դարձյալ` ոչ մի խոսք այն մասին, որ իր անդամ պետության նկատմամբ ադրբեջանական պարբերական դիվերսիաներին ՀԱՊԿ-ի արձագանքը կարող է լինել ոչ միայն ռազմական, այլև կանխարգելիչ բնույթի, օրինակ` համապատասխան նախազգուշական կամ դատապարտող հայտարարության տեսքով: Նույն համաժողովին մասնակցող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն էլ այս հարցի շուրջ տվել է մշտական անորոշ պատասխանը` այդպես էլ չհստակեցնելով Ղարաբաղի վրա ռազմական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը միջամտելու է, թե ոչ: ՀԱՊԿ-ի գոյության քսաներկու տարիներին հատկապես հայ պաշտոնյաները մշտապես այս հարցի պատասխանը լղոզել են` անուղղակիորեն հասկացնելով, որ շատ պետք չէ այդ թեման «բզբզել», քանզի այդ հարցը որոշված է կարգավորել «սուսուփուս»: Ճիշտ այնպես, ինչպես որ դա ասվում էր Եվրասիականտնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում: Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀԿ-ականներն այստեղ-այնտեղ շշնջում էին, որ Ս. Սարգսյանը ստիպված էր գնալ այդ քայլին, քանի որ այդպիսով լուծվելու է նաև ՄՄ-ին Ղարաբաղի անդամակցության հարցը: Ավելին՝ սեպտեմբերի 7-ին «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետը հենց այդպես էլ ասաց՝ պետք չէ շատ խոսել Ղարաբաղի` ՄՄ ընդգրկման մասին, այդ հարցը լուծվելու է լռելյայն ռեժիմով: Այսօր, սակայն, ակնհայտ է, որ Ադրբեջանը հաստատ չի պատրաստվում լռել, և նման բան թույլ չի տալու նաև սեփական դաշնակիցներին` ի դեմս Ղազախստանի, Թուրքիայի, և ինչու ոչ` նաև Բելառուսի ու ռազմավարական գործընկեր Ռուսաստանի»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր