Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի գլխավորած պատվիրակությունը: Կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների առաջնահերթություններին: Մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված ՀՀ արդարադատության նախարարության հիմնական հանձնառությունները՝ Հովհաննես Մանուկյանը դեսպանին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերն ու ուղղությունները:
Անդրադառնալով իրականացվող դատաիրավական բարեփոխումներին՝ արդարադատության նախարարը շեշտել է անկախ և պատասխանատու դատական իշխանության անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորելով պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում՝ կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում էական բարեփոխումներ իրականացնելու հարցերը: Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը և պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն: