211652_close_icon
views-count1083 դիտում article-date 13:06 26-06-2014

ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական: Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»: Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը:

Նմանատիպ նյութեր