1195 դիտում
12:16 26-06-2014
Հայաստանում 2014-ի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք
2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Հատկանշական է հիվանդների արագ ապաքինումը` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Մեզանում դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ` էնտերովիրուսային վարակների բռնկումները կանխելու և հիվանդացության վերահսկման նպատակով: Իրականացվում է յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է հսկողություն, օջախում իրականացվում է ախտահանում: Մանկական նախադպրոցական, ամառային հանգստի, մշտադիտարկում է իրականացվում հատուկ կրթական կազմակերպություններում, մանկատներում` կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով:
Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:
Էնտերովիրուսային վարակները գերազանցապես ընթանում են անախտանիշ:
Էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս: Տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Էնտերովիրուսների մեկ այլ առանձնահատկությունը տարածման մեխանիզմի բազմազանությունն է: Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքա-բերանային մեխանիզմներով` (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
• պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան),
• միրգը և բանջարեղենը լավ լվանալ,
• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
• բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։
Նմանատիպ նյութեր
11502 դիտում
09:45 22-02-2019
Մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ. «Իրատես»
1146 դիտում
09:41 04-06-2014
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ․ Ժողովուրդ
Այս բաժնից
619 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
508 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
733 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am