211652_close_icon
views-count2668 դիտում article-date 08:51 20-06-2014

Անդրանիկ Մանուկյանը պետք է հեռանա․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիեւում նոր իշխանությունների եւ նորընտիր նախագահի հաստատումը ստիպում են երկրներին վերատեսության ենթարկել Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունները: Կիեւի նոր իշխանությունների հետ ամուր կամ գոնե բավարար չափով կապերի հաստատումը կարեւոր է նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի հայ համայնքի համար, որի մի մեծ հատվածը պարզապես անմասն չի մնացել Եվրամայդանին, նաեւ զոհեր է տվել ուկրաինական երազանքի համար՝ դրանով իսկ լրացնելով իրադարձություններին պաշտոնական Երեւանի համապատասխան արձագանքի բացակայությունը: Կիեւի հայ համայնքն այս ուղղությամբ արդեն նոր գործընթացներ սկսել է. հունիսի 19-ին Կիեւի հայ համայնքը նոր ղեկավար կընտրի: Հայաստանյան դիվանագիտական կառույցը դեռ լուռ է, ինչպես եւ ուկրաինական բուռն իրադարձությունների ընթացքում լուռ էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով դեսպանի պաշտոնին նշանակվել էր հայաստանյան գործարար աշխարհի, իշխանության եւ Յանուկովիչի միջեւ կամուրջ հանդիսանալու համար, որպես Գագիկ Ծառուկյանի խնամի, քանի որ Գագիկ Ծառուկյանն ու Յանուկովիչը հայտնի էին իրենց մտերիմ հարաբերություններով: Կիեւում բնակվող հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը մեզ հետ զզրույցում բազմիցս էր նշել, որ, չունենալով Անդրանիկ Մանուկյանի անձի դեմ որեւէ բացասական տրամադրվածություն, կարծում է, որ Անդրանիկ Մանուկյանը պետք է հետ կանչվի այդ պաշտոնից եւ այդ պաշտոնում պետք է նշանակվի շատ ավելի ակտիվ ու փորձառու դիվանագետ, որը կկարողանա Կիեւի պրոարեւմտյան իշխանությունների հետ կապեր հաստատել: Մենք զրուցեցինք Կիեւի հայ համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Խաչատուրովի հետ։ Ըստ նրա՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից դժգոհություն ունեն առաջին հերթին Ուկրաինայի հայերը: Ըստ նրա՝ դեսպանատունը, դեսպանի գլխավորությամբ, կտրված է ուկրաինահայերից, չնայած դեսպանը ներկայանում է հայ համայնքի միջոցառումներին, բայց սերտ եւ անհրաժեշտ աշխատանք դեսպանատան եւ հայերի միջեւ գոյություն չունի: Սամվել Խաչատուրովի համոզմամբ՝ հայ համայնքի առաջնորդների առաջին խնդիրը ժողովրդին մոտ լինելն է, շփվելը, սերտ կապեր հաստատելը, խնդիրներով զբաղվելը, մի խոսքով՝ պարզ երկխոսությունը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր