211652_close_icon
views-count1522 դիտում article-date 21:16 14-06-2014

Բռնադատվածների հիշատակի հուշարձանը փոշու և կեղտի մեջ է

Բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ը, 2006-ին ներառվել է ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում և պաշտոնապես նշվում է Հայսատանում: Այդ օրը բռնադատվածները, նրանց ընտանիքի անդամները այցելում են Երևանում Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ, «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ծաղիկներ են դնում և հեռանում: Հուշարձան այցելողներից ոմանք աքսորվել են երեխա ժամանակ: Նրանց մանկական հիշողությունները վառ գույներով են: Սարսափելի պատկերները նրանք պատմում են ժպիտով, քանի որ դրանք խառնվել են նրանց մանկության հիշողությունների հետ: Նրանք դեռ հույս ունեն, որ մի օր մարդիկ իրապես կնշեն հունիսի 14-ը: Խորհրդային պաշտոնական տվյալներով՝ 30-40-ականներին Հայաստանից արտաքսվել է 42.000 մարդ: Որքան է հալածվածների իրական թիվը, մինչ օրս հայտնի չէ, որովհետև լուրջ ուսումնասիրություն և հաշվարկ չի արվել: Խորհրդային բռնաճնշումներից տուժել են խորհրդային բռնազավթման ենթարկված գրեթե բոլոր ժողովուրդները: Մերձբալթյան ժողովուրդները այդ զանգվածային հալածանքներն այսօր որակում են ցեղասպանություն: Հունիսի 14-ը նշվում է նախկին խորհրդային երկրներում՝ Վրաստանում, Լիտվայում, Էստոնիայում և այլն: Վրաստանում կառուցված է նաև Խորհրդային բռնազավթման տարիների զոհերի թանգարան: Իսկ Հայստանում բռնադատվածների հիշատակի հուշարձանն այսօր սարսափելի փոշու մեջ էր: Ակնհայտ է, որ հուշարձանի անխնամ և կեղտոտ տեսքը ոչ ոքի չի հետաքրքրում: Այս պատկերը հիմք է տալիս ենթադրելու, որ Խորհրդային ռեժիմի զոհերի հիշատակի օրը՝ հունիսի 14-ը, չի կարևորվում: Այդ օրը հուշարձանի մոտ է գալիս մի քանի տասնյակ մարդ: Այնինչ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հուշարձանը լրջորեն խնամվում է: Այն մաքրվում է ոչ միայն ապրիլի 24-ին, այլև տարվա բոլոր օրերին: Բացի դրանից, կա Ցեղասպանության զոհերի հուշարձան, որտեղ ներկայացված են ցեղասպանության ականատեսների վկայություններ, լուսանկարներ, պատմական վկայություններ, մասունքներ և այլն: Համեմատության համար կարելի է ասել, 1915-ի ցեղասպանությունից հետո մինչև 1965 թվականը մի քանի տասնամյակ ցեղասպանության զոհերի հիշատակը չէին նշում: Պատճառն այն էր, որ Խորհրդային երկրի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերություններ էին: Այդ համագործակցության մակարդակը չէր կարող հանդուրժել հակաթուրքական տրամադրություններ ներշնչող, Թուրքիայի անմարդկային գործողությունների մասին հիշեցնող հուշարձան կամ հիշատակի օր Խորհրդային երկրի մի հատվածում: Իսկ երբ Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան մտավ ՆԱՏՕ, ապա 1915-ի ցեղասպանության նկատմամբ Խորհրդային վերաբերմունքը փոխվեց, և Երևանում սկսվեց կառուցվել Ցեղասպանության զոհերի հուշարձան: Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ մի օր պատշաճ նշվելու է նաև խորհրդային տարիներին գնդակահարվածների, աքսորվածների, հալածվածների, բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ը: Այդ տարիներին բռնադատված երեխաները, ովքեր այսօր տատիկ-պապիկ են դարձել, սպասում են այդ արդարության վերականգման օրվան: Բայց մինչ այդ, զուտ մաքրասիրությունից ելնելով, կարելի է հունիսի 14-ին մաքրել զոհերի հուշարձանը փոշուց ու կեղտից, քանի որ հուշարձանը մաքրելը որևէ պայմանագրով չի արգելվում: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր