211652_close_icon
views-count25736 դիտում article-date 17:28 05-05-2026

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Tesla»-ն, «Jeep»-ը, «Nissan»-ը և 2 «Ford Transit»-ները․ «Ford»-երից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 7 վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկները և պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել են «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում  հավաքված քաղաքացիների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ՀՆՓԱԿ-ի հատուկ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի և Աբովյանի ՀՓՋ-ի 4-րդ խմբի պետ՝ Հրաչ Մանուկյանի գլխավորությամբ։

Վիրավորներից մի քանիսին փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել երկուսի դիզվառելիքի արտահոսքը։

Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ։

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր