211652_close_icon
views-count1367 դիտում article-date 20:47 11-06-2014

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Հայաստան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները: Հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Հայ-ռուսական բազմաոլորտ փոխգործակցությունը վերընթաց կերպով զարգանում է՝ ներառելով նորանոր բնագավառներ, ակտիվորեն գործում են միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովները։ Ձևավորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմ, ընդլայնվող փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հանդիպումներին անդրադարձ կկատարվի միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերի։ [i] ՀՀ ԱԳՆ [/i]

Նմանատիպ նյութեր