211652_close_icon
views-count8437 դիտում article-date 10:13 06-06-2014

Հակառակորդի կրակոցից սպանված Բորիսն ընտանիքի միակ տղան էր և պատրաստվում էր ամուսնանալ, իսկ Անդրանիկն արդեն որդի ուներ

Հունիսի 5-ին Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից զոհված 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն ամիսներ առաջ էր կորցրել հորը, ապրում էր վատառողջ մոր հետ եւ ընտանիքի միակ զավակն էր: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը: Ավելին, նա նշեց, որ Բորիսը սիրած աղջիկ է ունեցել եւ պատրաստվում էր ամուսնանալ: «Նա 1 տարի է, որ պայմանագրային զինծառայության էր անցել: Այն պոստը, որտեղ ծառայում էր, շատ վտանգավոր է. «գազան պոստեր» են ասում: Մի քանի օր առաջ էլ այս սարի գրավման օրն էր, եւ հավանաբար դրանով պայմանավորված է թշնամին այդ քայլին դիմել: Շատ խելոք, համեստ, լավ տղա էր»,- ասաց գյուղապետը: Միաժամանակ ավելացրեց, որ մոր վիճակը այդ լուրը հայտնելուն պես շատ է վատացել, ներկա պահին նա բժիշկների վերահսկողության տակ է գտնվում: Իսկ հարեւաններից տեղեկացանք, որ վերջին օրերին մայրը վատ կանխազգացում է ունեցել, վատ երազներ եւ տեսիլքներ է տեսել: Հակառակորդի գնդակից սպանված մյուս զինծառայողի` Անդրանիկ Եղոյանի հարազատները, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ 5 օր առաջ էր դարձել 26 տարեկան: Ամուսնացած էր եւ ուներ 1 որդի: Նա մահացել է եղբոր ձեռքերի մեջ, ով եւս զինծառայող է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 5-ին Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել: Նրանցից մեկը 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն է, ով Արարատ քաղաքի բնակիչ է, իսկ մյուս զինծառայողը 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանն է: Միջադեպը հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր