211652_close_icon
views-count4308 դիտում article-date 19:50 05-06-2014

«Բարև Ձեզ պարոն բոմժ»

Մարդու մասին կարծիքն առաջին հայացքից կազմում են նրա արտաքինով: Դա շատ հին սովորություն է, որը արմատավորվել է մարդու ենթագիտակցության մեջ: Առաջ, երբ հասարակությունը բաժանված էր կաստաների, յուրաքանչյուր կաստայի ներկայացուցիչ հագնում էր որոշակի գույնի և որակի հագուստ: Օրինակ. վաճառականները հագնում էին կարմիր գույնի հագուստ, թագավորները՝ դեղին, հոգևորականները՝ սպիտակ, իսկ բանվորները՝ գորշ: Ներկայում հագուստին առնչվող հարցերը կարգավորում է նորաձևությունը: Օրինակ. մի քանի տասնամյակ առաջ ճղած, պատռտած, մաշված տաբատ հագնում էին աղքատը, անտունը, խելագարը: Ներկայում ճղճղած տաբատը նորաձև է: Շուկայում այն ավելի թանկ է, քան սովորական տաբատը: Այն ժամանակ ճղճղված տաբատով մարդու հետ շփումից խուսափում էին: Եվ պատճառն այն չէր, որ նրա տաբատը ճղճղված էր, այլ, որ մարդիկ կարծում էին, թե ճղճղված տաբատ հագնողի հետ շփումը վտանգավոր է, քանի որ աղքատ է, խելագար, անտուն, և կարող է չարացած լինել, կամ վարակված, կամ կեղտոտ: Աղքատությունը չարիք է: Այսինքն աղքատը, անտունը ուզում են լավ ապրել, հարստանալ, բայց քանի որ վատ են ապրում, և չունեն ապրելու բավարար միջոցներ՝ չարանում են: Սակայն աղքատությունը նույնպես հարաբերական է: Այսօր մարդիկ կարող են չարանալ այֆոն, համակարգիչ կամ թանկարժեք ավտոմեքենա չունենալու պատճառով: Այդ պատճառները մի քանի տասնամյակ առաջ գոյություն չունեին: Եվ տրամաբանորեն մի քանի տասնամյակ անց մարդը կարող է չարանալ ու հիվանդանալ սեփական տիեզերանավ կամ սուզանավ չունենալու պատճառով: Այնուամենայնիվ աղքատությունը չարացածության հիմնական և ամենամեծ պատճառն է: Սակայն մահացու մեղքերի շարքում աղքատության կամ անտունության մասին ոչինչ չկա: Դա նշանակում է, որ աղքատ լինելն ինքնին մեղք չէ: Բայց աղքատը կարող է չարանալ, եթե ծուլանա կամ նախանձի: Տեսականորեն հնարավոր չէ, որ աշխատասեր մարդն աղքատ կամ անտուն մնա և չարանա: Այնպես որ չարացած մարդկանցից խուսափելու համար պետք է ոչ թե նրանց շրջանցել, այլ աշխատատեղեր ստեղծել, իսկ եթե աշխատատեղ ստեղծելը հնարավոր չէ, ապա գոնե ողորմություն տալ: Նրանց այդ ողորմելի վիճակում արհամարելն ու շրջանցելն արդար չէ մարդկային և մշակութային տեսանկյուններից: Նա հավասար քաղաքացի է, և նրան նույնպես պետք է դիմել պարոնով: Օրինակ. «Բարև Ձեզ պարոն բոմժ»: Ինչ վերաբերվում է նախանձին, ապա այն զուտ հոգեկան հիվանդություն չէ: Այն նաև ոչ ճիշտ դաստիարակության հետևանք է: Երբ վատ ապրող երեխային ներշնչում են, որ նա կարող է հարուստ դառնալ, սակայն նրան չեն տալիս ոչ ժառանգություն, ոչ գիտելիքներ, ոչ էլ ճշմարիտ դաստիարակություն, ապա այդ երեխան մեծանալով լցվում է սնամեջ նախանձով, որը մրցակցության ոգու հետ ոչ մի առնչություն չունի: Այդ պատճառով նախանձի գերին ոչ մի արդյունքի չի հասնում, իսկ եթե հասնում է, ապա շատ արագ կորցնում: Եվ սկսում է ծուլանալ և չարանալ մարդկանց և աշխարհի վրա: Այդ չարությունից հայացքը դատարկվում է, աչքերը խամրում են: Այդ ժամանակ նա ինչքան լավ հագնվի, ինչքան հետևի իր արտաքինին, դարձյալ իրեն ողորմելի աղքատ ու դժբախտ կզգա, եթե տեսնի, որ հարևանը կամ ընկերը իրենցի լավ է հագնված: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր