211652_close_icon
views-count2323 դիտում article-date 18:32 05-06-2014

Հակառակորդի կրակոցից սպանված երկու զինծառայողների մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հունիսի 5-ին արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորումից մահացած Անդրանիկ Սամվելի Եղոյաննի եւ Բորիս Բենիկի Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13 կետով` սպանություն ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/16566/] տեղեկացրել էինք[/url], որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` հունիսի 5-ին, Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել: Նրանցից մեկը 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն է, ով Արարատ քաղաքի բնակիչ է, իսկ մյուսը զինծառայողը 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանն է: Միջադեպը հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր