211652_close_icon
views-count7736 դիտում article-date 17:02 17-06-2014

Բենզինի պատճառով սպանված զինծառայողի մահվան փաստով վաշտի հրամանատարի և սերժանտի դեմ քրեական գործ է հարուցվել. զինվորի պատիվն ու արժանապատվությունը ստորացրել են

ՊՆ N զորամասի մարտական հենակետում մայիսի 5-ին ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Վոլոդյայի Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդ. 1-ին և 314 հոդ. 1-ին մասերով, 360 հոդ. 2-րդ մասով` մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու, ինչպես նաև իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ն. Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնելու համար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Համլետի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդ. 1-ին և 314 հոդ. 1-ին մասերով` մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու համար: Առաջադրված մեղադրանքներում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Գ. Ասրյանի և Է. Մանուկյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Ինչ վերաբերում է Ն. Կարապետյանի մահվան փաստին, ապա դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ բանակում հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանին սպանել են 200 հազար դրամի պատճառով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա հարազատները: Նա մահվանից առաջ զանգ է տվել հարազատներին և ասել, որ բենզինի հետ կապված խնդիր կա եւ իրենից 200 հազար դրամ է պահանջել, ինչպես նաեւ զգուշացրել, որ եթե գումարը չտա իրեն, կենդանի չեն թողնի: Հարազատները նշված օրը չեն կարողացել գումարը հայթայթել, որ ուղարկեն եւ ասել են, որ հաջորդ օրը գումարը տեղ կհասնի: Բայց հաջորդ օրն արդեն լսել են Ներսեսի մահվան լուրը: Ավելին` նրան սպանել եւ դիակը դիրքեր են տարել, որպեսզի ինքնասպանություն ձեւակերպեն, բայց ոչ ոք չի հավատում այդ վարկածին: Տեղեկացրել էինք նաեւ, որ մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանը Դավիթաշենից էր: Նա շատ համեստ եւ կենսուրախ երիտասարդ է եղել ու շատ է սիրել կյանքը, հետեւաբար ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր ինքնասպան լինել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա հարևանները: Միաժամանակ ավելացրին, որ նա զորամասում հրամանատարության հետ վերջին օրերին բենզինի գումարի հետ կապված խնդիր է ունեցել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից էլ տեղեկացել էինք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով: Ավելի վաղ էլ [b]SHAMSHYAN.co[/b]m-ը տեղեկացրել էր, որ Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր