211652_close_icon
views-count921 դիտում article-date 23:12 02-06-2014

Փոխվարչապետն ընդունել է եգիպտացի գործարարների պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը՝ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ եւ գործարար Մոթազ Ռասլանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են անշարժ գույքի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության, ներդրումային ոլորտների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այցը ճանաչողական է, եւ գործարարները նպատակ ունեն տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը ողջունելի համարեց պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ Եգիպտոսի հետ բոլոր ուղղություններով հետաքրքիր եւ բավականին ինտենսիվ համագործակցություն է եղել : «Վերջին տարիներին Եգիպտոսի ներքին իրադարձություններով պայմանավորված՝ երկկողմ կապերին նոր խթան հաղորդելու կարիք կա, եւ մենք ուրախ ենք, որ Եգիպտոսում հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ: Հայկական կողմը նույնպես կարեւորում է բարեկամ Եգիպտոսի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը, եւ կառավարությունը պատրաստակամ է աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծեց փոխվարչապետը: Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության տեսանկյունից հեռանկարային կարող են լինել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արտադրության, ոսկերչության, անշարժ գույքի ոլորտները: Հայաստանը կարող է նաեւ կամուրջ հանդիսանալ դեպի ավելի մեծ, մասնավորապես՝ ԱՊՀ երկների շուկաներ դուրս գալու համար: Հյուրերն իրենց հերթին ընդգծեցին, որ հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ եւ համագործակցության նոր հնարավորություններով: Նրանք այցը բավականին արդյունավետ համարեցին եւ հույս հայտնեցին, որ արդեն հաջորդ այցելության ժամանակ հնարավորություն կունենան խոսել կոնկրետ ծրագրերի մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դեսպանատան միջոցով Հայաստանի տնտեսական եւ ներդրումային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցվի եգիպտական ընկերություններին:

Նմանատիպ նյութեր