1973 դիտում
10:36 01-06-2014
Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով
Երաժշտություն, երիտասարդական ակտիվություն, լավ ժամանց և ծխախոտի վնասակար ազդեցության մասին հարուստ նյութ. մայիսի 31-ին այս տրամադրություններով անցկացվեց «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը:
Այն կազմակերպել էր «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Համերգի մասնակիցները՝ Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Կիմ Գրիգորյանը, DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, The Band-ը, DerHova-ն, Eva-ն, անձամբ էին կոչ անում երիտասարդներին զերծ մնալ ծխելու վատ սովորությունից: Նրանց կատարումների ընթացքում պարբերաբար հնչում էին ծխելու վնասակար ազդեցության, հիվանդությունների և տարաբնույթ վնասների մասին տեղեկություններ:
DJ Vakcina-ն, կարևորելով ծխելու դեմ պայքարում քարոզչության ապահովումը, նշեց. «Մեր նպատակն է մարդկանց առավելագույնս իրազեկել ծխախոտի վնասակար ազդեցության մասին, թե ինչպես կարելի է թողնել ծխելը: Սակայն մեր խնդիրը ոչ միայն ծխելու դեմ պայքարն է, այլ առողջ ապրելակերպի քարոզումը, քանի որ ինչքան էլ ասենք՝ ոչ ծխախոտին, ակամայից ծխախոտն է գովազդվում»:
Իրազեկման համերգի ընթացքում ներկա երիտասարդներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ ծխելու վնասակար ազդեցության մասին: Երիտասարդ հեծանվորդներն էլ տեղեկատվական թերթիկները նախապես տարածել էին ողջ քաղաքով մեկ:
DJ Vakcina-ն վստահ է, որ ծխելու դեմ պայքարը արդյունք կտա, եթե ապահովվի գրագետ քարոզչություն: Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում քարոզը պետք է տարվի երիտասարդներին հասկանալի լեզվով՝ երաժշտության և լավ ժամանցի միջոցով։ Նա նաև ընդգծեց, որ տարիների իր աշխատանքը տվել է արդյունքներ. իր ընկերներից շատերը թողել են ծխելը։
«X Factor» երաժշտական հեռուստաշոուի հաղթող Կիմ Գրիգորյանը անկեղծորեն նշեց, թե ծխելու՝ 9 տարվա «փորձ» ունի, բայց նաև տեղեկացրեց. «Սիրելիիս խոստացել եմ, որ այսօրվանից թողնելու եմ ծխելը, քանի որ դա վնասելու է առաջին հերթին այն փոքրիկին, որ հետագայում լույս աշխարհ է գալու»:
Ըստ Կիմ Գրիգորյանի՝ ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը կամքի ուժի դրսևորումն է ու երեխայի՝ ճիշտ դաստիարակությունը. «Ծնողի հետևողականությունը ամենափոքր տարիքից սկսած, ճիշտ դաստիարակությունը կարծում եմ ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է»:
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
23:37 17-10-2015
Հյուսիսային Կորեայում ծխելու դեմ ակտիվ պայքար են տանում. ստեղծվել է նոր դեղահաբ
1544 դիտում
16:56 16-06-2021
Ծխելու դեմ պայքար. ԱՀԿ և Viber
1408 դիտում
13:29 30-05-2014
Սիրահարների այգում տեղի կունենա «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգ
Այս բաժնից
355 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան