Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել Թուրքիայում YouTube-ի արգելափակումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ YouTube տեսածառայության արգելափակումը հակասում է սահմանադրությանը և խախտում մարդու իրավունքները, խոսքի ազատությունը:
Դատարանի վճիռն առաջիկայում պետք է ուղարկվի Կապի և հեռահաղորդակցության նախարարությանը, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի:
Հիշեցնենք, որ YouTube-ն արգելափակվեց այն բանից հետո, երբ այս տարվա մարտի 27-ին սոցցանցում տարածվեց Սիրիայի հարցով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի, Թուրքիայի հետախուզության կազմակերպության ղեկավարների միջև տեղի ունեցած գաղտնի զրույցի ձայնագրությունը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտարարեց, որ ձայնագրության տարածումը հավասարազոր է պետությանը պատերազմ հայտարարելուն, և պետությունն ամեն ինչ կանի մեղավորներին գտնելու և պատժելու համար: