211652_close_icon
views-count5198 դիտում article-date 10:40 20-05-2014

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. փրկարարները գյուղացիների օգնությամբ տան փլատակից դուրս են բերում 85-ամյա միայնակ ապրող կնոջ դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ծաղկավան գյուղում տան փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Տավուշի մարզի Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում փլուզվել է նույն գյուղի բնակչուհի, 85-ամյա Սիրվարդ Յոլչյանի տան ննջարանի պատը, և տարեց կինը, ով այդ պահին քնած է եղել, մնացել է փլատակի տակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ կինը բնակվում էր միայնակ և այս պահին գյուղացիների օգնությամբ հրշեջ-փրկարարները քարերը հեռացնում են, որպեսզի փլատակի տակից կնոջ դին դուրս բերվի: Տեղում աշխատում է նաև ոստիկանության քննչական խումբը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր