211652_close_icon
views-count1866 դիտում article-date 10:20 20-05-2014

ՀՀ իշխանությունը հնարավորություն ունի ապացուցելու, որ Մոսկվայի դրածոն չէ․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հետ: Հատված հարցազրույցից. [b]Պարոն Սարգսյան, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի համար հնարավոր է մտածել Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակ, որը չի խանգարի Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը: Դրան հաջորդեց Բրյուսելի արձագանքը՝ առ այն, որ իրենք կսպասեն Հայաստանի առաջարկներին: Ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը:[/b] Խորապես համոզված եմ, որ Ֆրանսուա Օլանդի մակարդակով որեւէ բան պատահական չի ասվում: Համոզված եմ նաեւ եւ ընդունում եմ, որ Բրյուսելը պետք է այդպես արձագանքեր: Մենք պետք է լինենք նախաձեռնող, մենք պետք է առաջարկներ ներկայացնենք, որովհետեւ մեր շահերից է բխում: Ասեմ ավելին` Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Ստրասբուրգում ինքնագլուխ չէր հայտարարել, որ Հայաստանը Ուկրաինայի նման պատրաստ է փաստաթղթի քաղաքական մասը ստորագրել: Հայաստանը պետք է այդ ուղղությամբ շարժվի, Հայաստանը պետք է առաջարկություն անի, եւ կոչ եմ անում թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ Բրյուսելին այդ ուղղությամբ գործընթացներ անել, որովհետեւ դա ձեռնտու է թե՛ Բրյուսելին, թե՛ Հայաստանին: Բրյուսելը պետք է ջանքեր գործադրի, որ մեր ժողովուրդը միակողմանի չզարգանա, հնարավորություն ունենա աշխարհը տեսնելու եւ տարբերությունն զգալու: Ինչ ուզում եք ասեք՝ հայ մարդիկ տարբերվում են իրենց կերպով այլ ազգերից, մենք առանձնապես մեծաքանակ ժողովուրդ չենք եւ Եվրոպայի համար վտանգ չենք սպառնում մեր արտահոսքով դեպի Եվրոպա, ընդամենը մեկ-երկու միլիոն մարդ է Հայաստանում, ու նրանք եթե բոլորն էլ գնան Եվրոպա աշխատելու՝ Եվրոպան դա չի զգա: Երկրորդ՝ մեր ժողովուրդը աշխատասեր, հնարամիտ ժողովուրդ է՝ սկսած արեւածաղիկ վաճառելուց մինչեւ ադամանդ մշակելու գործեր անող ժողովուրդ է, մենք այդպիսին ենք, մեր գեներն են այդպիսին, եւ բավական է, որ հայ մարդը գնա դուրս ու տեսնի այդ օրինականության շրջանակներում աշխատելը, դրանից հետո իր համար արդեն Եվրամիություն, թե Եվրասիական միություն տարբերությունը շատ մեծ կլինի: Դրանով է, որ Հայաստանը օր օրի չի ընկղմվի ռուսական նախկին սովետական ճահիճ: [b]Ձեր կարծիքով` Ռուսաստանը Հայաստանին թույլ տալո՞ւ է դեպի Եվրոպա քայլ անել, թե՞ կախվածությունն այն աստիճան մեծ է, որ հնարավոր չի լինի:[/b] Այն պատժամիջոցները, որ այսօր գործում են Ռուսաստանի դեմ, եւ որոնք գնալով խորանալու են՝ Ռուսաստանին տնտեսական եւ քաղաքական իմաստով այն վիճակի են հասցնելու, որ Ռուսաստանը ինքն իր խնդիրները լուծելու համար լուրջ խնդիրներ է ունենալու»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր