211652_close_icon
views-count3099 դիտում article-date 11:28 15-05-2014

Արևմտահայոց Ազգային Համագումարը Թուրքիայից առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացում է պահանջում

Արևմտահայոց Ազգային Համագումարը Թուրքիայի իշխանություններից պահանջում է առանց նախապայմանների պետական սահմանի վերաբացում, մանավանդ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր բնակվում են ավելի քան 1 միլիոն արևմտահայերի ժառանգներ: Ի դեպ, ԱԺ պատգամվոր Արագած Ախոյանը ընտրվել է Փարիզում Արևմտահայոց Ազգային Համագումարի լիազոր ներկայացուցիչ: Արևմտահայոց Ազգային Համագումար-ի հայտարարությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ստորեւ. «2014 թ. ապրիլի 23-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական խոսք հղեց Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության ժառանգներին՝ «20-րդ դարի սկզբում առկա պայմաններում կյանքը կորցրած հայերը հանգստության մեջ պառկելուն ենք կամենում ու նրանց թոռներին ցավակցություն ենք հայտնում»: Արեւմտահայոց Ազգային Համագումարը այս ելույթը համարում է 1-ին քայլ, և, ինչպես չինացի փիլիսոփա Լաո Ցզեն է ասում՝ «մի 1000 մղոնանոց ուղևորություն սկսում է 1 քայլով»: Բնականաբար, այս քայլը չի պատասխանում և չէր կարող պատասխանել արևմտահայոց՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների բոլոր ակնկալիքներին, սակայն մենք հուսով ենք, որ այս ելույթից հետո Թուրքիայի քաղաքացիական հասարակության և մեր միջև ստեղծված կառուցողական երկխոսությանը կմիանան նաև Թուրքիայի իշխանությունները: Արևմտահայոց Ազգային Համագումարը նպատակ է հետապնդում հաստատել արդարություն արևմտահայոց իրավունքների վերականգնման, կրած վնասների հատուցման, պատմական հայրենիք վերադարձի լիիրավ պայմանների ստեղծման համար: Վարչապետ Էրդողանի վարչակարգը և հատկապես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների տեղահանությունը որակել են «սխալ և անմարդկային»: Օսմանյան կայսրության իթթիհատական կառավարության ցեղապաշտական, ազգայնամոլական կանխամտածված քաղաքականության արդյունքում մինչև 1915 թ. Օսմանյան կայսրության սահմաններում ապրող երկուսուկես միլիոն հայերը ենթարկվել են բռնի տեղահանման, առանց սեռի ու տարիքի խտրության զանգվածային կոտորածների, բռնի ուծացման և ունեզրկման: Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Հանրապետական Թուրքիան շարունակել է համակարգված եղանակով ավարտին հասցնել արևմտահայության հայրենազրկման ևունեզրկման գործընթացը: Այսօր արևմտահայությունը, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգները, ամեն բանից առավել Թուրքիայի իշխանություններից ակնկալում են կառուցողական երկխոսություն արևմտահայերի ներկայացուցիչների հետ: Այս իմաստով, Թուրքիայի ժողովրդավարացման համար պայքարող այդ պետության քաղաքացիական հասարակությունից առաջիկայում սպասում ենք նոր և շոշափելի քայլեր, ինչպես օրինակ, Թուրքիայի սահմանադրության ազգությունների մասին 66-րդ հոդվածի բարեփոխում, թուրքական քրեական օրենսգրքում 301-րդ տխրահռչակ հոդվածի վերացում և Հայաստանի Հանրապետության հետ (առանց նախապայմանների) պետական սահմանի վերաբացում, մանավանդ որ Հայաստանի Հանրապետությունում այսօր բնակվում են ավելի քան մեկ միլիոն արևմտահայերի ժառանգներ: Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայի կողմից 2014 թ. ապրիլի 30-ին՝ վարչապետ Էրդողանի հայտարարության մասին ուղերձի տրամաբանությանը համապատասխան, Արևմտահայերի Ազգային Համագումարը նույնպես կուզենար հավատալ, որ Եվրամիությանը ինտեգրման նպատակով ընթացող Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացներին զուգահեռ, այն վերջապես կսկսի արևմտահայության շահերի ճանաչման և նրանց իրավունքների վերականգնման երկար ու բարդ գործընթացը: Տեղեկացնում ենք, որ սպասվելիք փոփոխություններին ընդառաջ Արևմտահայոց Ազգային Համագումարի անունից պատրաստվում է և շուտով կհրապարակվի Թուրքիայի իշխանություններին ուղղված պահանջագիրը:

Նմանատիպ նյութեր