Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուս և ուկրաինացի պաշտոնավորների դեմ
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ևս վեցական քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության մամլո ծառայությունը։
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի 6 և Ուկրաինայի ևս 6 քաղաքացիների նկատմամբ։ Միջազգային հանրությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, մինչ այդ երկիրը իրավիճակի լիցքաթափման միջոցառումներ չձեռնարկի»,֊ ասել է վարչապետը։
Կանադայի սև ցուցակում են հայտնվել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելյովը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Լյուդմիլա Շվեցովան և Սերգեյ Նևերովը, Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Իգոր Ստրելկովը, Ղրիմի դաշնային խորհրդի սենատոր Օլգա Կովիտիդին, «Լուգանսկի գվարդիա»-ի ղեկավար Գերման Պրոկոպյովը, «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավար Անդրեյ Պուրգինը, նույն հանրապետության ղեկավարության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, «Հարավ-արևելքի բանակի» ներկայացուցիչ Վալերի Բոլոտովն ու Դոնբասի ղեկավար Սերգեյ Ցիպլակովը։
Պատժամիջոցները նախատեսում են այդ անձանց բանկային հաշիվների սառեցում և դեպի Կանադա մուտքի արգելք։