211652_close_icon
views-count1515 դիտում article-date 22:35 08-05-2014

Մայիսի 9-ը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու եւ հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Սա եկել է դարերից եւ իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ: Պաշտպանության բանակի կազմավորումը եւ Շուշիի ազատագրումը դարձան այն կարեւոր ձեռքբերումները, որոնք հիմք դրեցին մեր հետագա բոլոր հաջողությունների համար: Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մեկտեղ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլեւ կառուցել օր օրի շենացող ու զորացող երկիր` շարունակելով հայրենիքի համար նահատակված քաջ հայորդիների կիսատ թողած գործը եւ հավերժացնելով նրանց հիշատակը: Թանկագի՛ն հայրենակիցներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս փառապանծ Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու նորանոր հաղթանակներ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին:

Նմանատիպ նյութեր