6671 դիտում
17:23 02-05-2014
Սեյրան Օհանյանն ու Մանվել Գրիգորյանը Էջմիածնի Արագած գյուղում այցելել են հերոս Մեխակ Մեխակյանի հարազատներին
Էջմիածնի Արագած գյուղում հաղթական այս օրերին նաեւ հիշատակման օր է: 20 տարի առաջ՝ մայիսի 1-ին, Մարտակերտի Թալիշ բնակավայրի ազատագրման համար մղված մարտերում զոհվել էր նաեւ Արագած գյուղի բնակիչ, լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկ Մեխակ Մեխակյանը:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Մանվել Գրիգորյանը պատմեց, որ Մեխակը պատմաբան էր, քաջատեղյակ հայոց պատմությանը եւ գիտակցաբար էր զենք վերցրել` հող-հայրենին թշնամուց պաշտպանելու համար: Նշանակվել էր ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչությունում՝ որպես բաժնի պետ, սակայն թողել պաշտոնն ու ամեն ինչ եւ դարձյալ մեկնել ճակատ` առաջին գիծ:
Մեխակը զոհվել է 1994-ի մայիսի 1-ին` հրադադարի կնքումից ընդամենը 11 օր առաջ: Սակայն, նրա խոսքով, հիշատակի միջոցառումը հերթական ապացույցն է, որ Մեխակն ու մնացյալ մեր նահատակ տղաներն անմահ են: Գեղեցիկ ցերեկույթ էր կազմակերպվել Արագած համայնքի՝ Մեխակ Մեխակյանի անունը կրող դպրոցում: Միջոցառմանը ներկա էին Մեխակի մարտական ընկերները, հարազատները, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ով եղել է Մեխակի անմիջական հրամանատարը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը, պատանի, երիտասարդ երկրապահներ: Ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ:
Մեխակ Մեխակյանը հետմահու պարգեւատրվել է մի շարք մեդալներով, շքանշաններով` ՀՀ եւ ԼՂՀ Մարտական ծառայության առաջին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» հուշամեդալով, երկրապահական պարգեւներով եւ այլն: Սակայն, ինչպես Մանվել Գրիգորյանը նկատեց, Մեխակի ամենամեծ գնահատականը ժողովուրդն է տվել՝ Մեխակը հավերժ ապրելու է սերունդների հիշողություններում:
Գեներալը նաեւ հավելեց. «Մեխակն իսկական հայ էր, իսկական երկրապահ: Նա պատմաբան էր եւ գիտակցված էր մեկնել սահմանային գոտում հայոց պատմություն դասավանդելու, գիտակցված էլ զենք վերցրեց եւ ընտրեց անմահության ճանապարհը: Հավերժ փա՛ռք Մեխակին»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում կարեւորելով Մեխակի եւ նրա նման տղաների սխրանքը, կարծիք հայտնեց, որ այսօր նոր քաջերի թրծման դարբնոց է Երկրապահ կամավորականների միությունը: Նախարարն անչափ կարեւորեց այն աշխատանքը, որ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ կատարվում է պատանի եւ երիտասարդ երկրապահների հետ: Միջոցառման ավարտին բոլոր ներկաները եղան նաեւ Արագածի զոհվածների պանթեոնում, ծաղիկներ խոնարհեցին Մեխակ Մեխակյանի եւ Արագած գյուղի մնացյալ նահատակների դամբարանին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
457 դիտում
11:57 28-11-2024
Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի. Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են