211652_close_icon
views-count1275 դիտում article-date 12:14 01-05-2014

Կրկին ռմբակոծվել են Հալեպի հայաշատ թաղամասերը. 2 հայ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ, Վիլլաներ և այլ թաղամասեր նախօրեին՝ կեսօրից հետո,կրկին ռմբակոծության և հրթիռակոծության են ենթարկվել ապստամբների կողմից: «Բերիո լուրեր»-ի փոխանցմամբ՝ հրթիռներից մեկն ընկել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի մոտ գտնվող ազգապատկան «Օշական» շենքի փողոցում, որի հետևանքով 2 հայ է վիրավորվել՝ մեկը՝ պատանի, իսկ մյուսը՝ մեծահասակ: Հաղորդվում է, որ հրթիռը նյութական մեծ վնաս է հասցրել մոտակա շենքերին՝ քարուքանդ անելով դրանք: Եվս 2 հրթիռներ ընկել են Նոր Գյուղ շրջանի մզկիթի մոտ գտնվող հատվածում և Նոր Գյուղի Ազգային Զավարյան վարժարանի վրա: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բացի այդ, Հալեպի հայաշատ Սուլեյմանե թաղամասում ականի պայթյունիցվրավորվել է Կարեն Եփփե ազգային ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Վերջինս արագորեն հոսպիտալացվել է: Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին. Սալամիյե-Հալեպ ավտոճանապարհին փամփուշտից ստացած վնասվածքից մահացել է հայազգի Րաֆֆի Հեքիմյանը: Իսկ էլ ավելի վաղ Դամասկոսի արևելյան Ղութայի Մոլեհա շրջանում տեղի ունեցած դաժան մարտերի ժամանակ զոհվել է հալեպահայ զինվոր՝ 23-ամյա Ուիլյամ Մակարը: Վերջինիս հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, Դամասկոսի Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցում:

Նմանատիպ նյութեր