211652_close_icon
views-count1153 դիտում article-date 18:35 30-04-2014

«Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով` Վանաձորում

Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար: ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության երիտասարդների մասին: Հոգեբանի կարծիքով` զգալի չափով ավելացել է համացանցից կախվածությունը, ինչը երբեմն երիտասարդների մոտ առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ, իրական կյանքի փոխարեն վիրտուալ տարածության նախընտրություն: Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` մանկավարժական գիտությունների թեկնածու Արեգնազան Սարգսյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դպրոցական դասագրքերի բովանդակության վրա: Բանախոսի կարծիքով` դասագրքերը պետք է առավել հագեցած լինեն պատմական իրադարձությունների և ազգային գործիչների մասին հիշատակումներով: Գիտաժողովի աշխատանքներին մասնակող Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը իր զեկույցում նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ապավինել միայն ազգային արժեքներին և հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Խոսելով բարոյական անհատի ձևավորման նախադրյալների մասին, Տեր Վահան քահանա Ազարյանը առաջնահերթ համարեց մարդու կողմից Քրիստոնեական արժեքների կրումը. ըստ նրա, միայն աստվածավախ լինելու դեպքում մարդը կարող է հետ կանգնել բացասական քայլից: ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց զինծառայողների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր