Մահվան ելքով վրաերթ՝ Լուսակերտի զորամասի հարևանությամբ. վարորդը փախուստի չի դիմել
                        Այսօր՝ ապրիլի 27-ին,   մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Նոր Հաճնի պոլիկլինկայից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն,  որ կանչով իրենք մեկնել են Լուսակերտ գյուղ,  որտեղ հայտնաբերել են մահացած կնոջ դի: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են  ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի և  հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Այս պահին  վրաերթի վայրում աշխատում են   ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի   քննիչները,   հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի գլխավորությամբ տեղազննման գործողություններ են կատարում:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 17:40-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Նարեկ Դանիելյանը վարելով Mercedes մակնիշի 77 TV 755 համարանիշի ավտոմեքենան Նոր Գեղ-Լուսակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել Նոր Գեղի բնակիչ 73-ամյա  Սոնիկ Առաքելյանին, ով տեղում մահացել է:  Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին  ասում էին, որ մահացածը դաշտում բանջար հավաքելիս  է եղել և փողոցն անցնելիս   տեղի է ունեցել վրաերթը,  իսկ վարորդ Ն .Դանիելյանն  իր հարազատների հետ այցելելիս  է եղել Լուսակերտի զորամաս՝ իրենց հարազատ զինվորին տեսակցության:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ.  Ալեքսանյանի կողմից հարուցվել է քրեկան գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարակնով տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք,  իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


